ԹՈՒՐՔԱԳԵՏԸ ԲԱՑԱՏՐԵԼ Է, ԹԵ ԻՆՉ Է ՏԱԼԻՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Համաձայն չեմ ՀՀ իշխանությունների այն հարցադրման հետ, թե ի՞նչ մեզ տվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Նախ՝ դա մեր բարոյական պարտավորություն է հանցագործության զոհ դարձած 1.5 միլիոն հայերի հանդեպ։ Բացի այդ, դա մեզ հնարավորություն է տալիս դուրս գալ համաշխարհային աշխարհաքաղաքականության ասպարեզ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Աշխարհում շատերին դուր չի գալիս Էրդողանի քաղաքականությունը, որը մեզ համար դաշտ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման քաղաքականության միջոցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Դա դրական է դիտարկվում այն պետությունների կողմից, որոնք խնդիրներ ունեն Անկարայի հետ։ Մենք պետք է դա օգտագործենք մեր օգտին եւ բարձրացնենք մեր վարկանիշը համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ։ Հայաստանը, այդպիսի քաղաքականություն վարելով, ակտիվ մասնակցություն է ունենում ապագայում այս զազրելի հանցագործության կրկնության կանխման գործում, ինչը կարեւոր է աշխարհում մեր իմիջի տեսանկյունից։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրն է, այլեւ նշված է Սահմանադրության մեջ։ Բացի այդ, այս հարցը կապված է մեր ինքնության հետ, ուստի հիմնարար զիջումներն այստեղ մեր ինքնության մի մասի մերժումն են: Դա անընդունելի է։ Վստահ եմ, որ Թուրքիան կփորձի ճնշում գործադրել, եւ մենք պետք է ոչ միայն ընդդիմանանք դրան, այլ ինքներս խնդիր դնենք, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես բանակցությունների շարունակման պայման։ Մինչ օրս Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է երեք կարեւորագույն երկիր, որոնք ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, եւ՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները։ Խոսքն ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի մասին է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախորդ երեք փորձերի ժամանակ այդպիսի իրավիճակ չի եղել։ Դա եւս պետք է օգտագործել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»,- ընդգծեց Սաֆրաստյանը։
News.am