ՆԻԿՈԼԸ ԿԱՐՈՂ Է ՀՐԱՄԱՅԵԼ ԿՐԱԿԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ

Իրավիճակը երկրում շարունակում է թեժանալ, բայց սա որակապես այլ թեժացում է, քան նույնիսկ 2020-2021-ի ձմռանն ու գարնանը։ Եվ բանը միայն այն չէ, որ բողոքը թափ է առնում ու ընդգրկում գնալով ավելի մեծ թվով մարդկանց՝ ողջ Հայաստանում։ Բանը միայն այն չէ, որ մարդիկ դուրս են եկել ընդարմությունից և իմաստավորել այն ամենը, ինչ տեղի է ունեցել երկրի և իրենց հետ՝ սկսած նույնիսկ ոչ թե 2020-ի սեպտեմբերի 27-ից, այլ, և դա շատ ավելի կարևոր է, 2018-ի գարնանից: Ներկա իրավիճակի տարբերիչ առանձնահատկությունը բողոքի շարժմանը հասարակության տարբեր շերտերի մասնակցությունն է, որոնք միավորվել են մեկ նպատակով և անսասան ձգտմամբ. հեռացնել հանցավոր իշխանությանը և փրկել Հայրենիքը:

Այդ բազմաձայնության մեջ ամենահնչեղներից մեկը դարձավ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ձայնը, որոնք բարձրացնում են իրենց որդիների մահվան մեջ Փաշինյանի մեղավորության կարևորագույն հարցը և պահանջում կալանավորել նրան՝ իրենց զավակների սպանությանը առնվազն մեղսակից լինելու նրա փաստացի խոստովանության հիման վրա: Երեկ զոհվածների հարազատները կառավարության շենքի մոտ արդեն բացահայտ վանկարկում էին «Նիկոլ-մարդասպա՛ն», և գլխավոր դատախազի ողորմելի կմկմոցը չսասանեց վարչապետին դե ֆակտո պատասխանատվության ենթարկելու նրանց վճռականությունը։ Ըստ էության, զոհված զինվորների հարազատները, որոնց թիվն օրեցօր ավելանում է, վերածվում են Դիմադրության շարժման գլխավոր և վճռական ուժերից մեկի։ Այդ կերպ պատասխանելով մեկուկես տարի շարունակ շատերին տանջող հարցին. ինչո՞ւ են լռում զոհվածների հարազատները։

Սակայն բողոքի ակցիաների ծավալվելուն զուգընթաց ակնհայտ է դառնում նաև մեկ այլ բան. իշխանությունն իր ֆեյքերին ու իրական կողմնակիցներին եռանդագին քսի է տալիս արդեն այդ մարդկանց վրա։ Ագրեսիան դրսևորվում է ինչպես վիրտուալ, այնպես էլ իրական տարածքում: Այսպես, երեկ ակցիայի մասնակիցներից մեկը պատմեց, որ հոծ խմբով կանգնած հարազատների վրա ոմն մեկը մեքենա է քշել, ընդ որում վրաերթի փորձի մեջ եղել է միտումնավորության տարր, քանի որ տեսնում էր, որ իր առջև կանգնած են զոհված զինվորների լուսանկարներով մարդիկ։

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, կապված 44-օրյա պատերազմի խորհրդանիշներից մեկի՝ լեգենդար հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հետ. ինչ-որ խուլիգաններ գողացել էին նրա հոր՝ Արտակ Հովհաննիսյանի ավտոմեքենայի արտաքին հայելիները։ Դիտավորությունն ակնհայտ է նաև այստեղ. մեքենայի վրա փակցված է Ալբերտի լուսանկարը, այսինքն խուլիգանությունը ցուցադրական էր և նպատակաուղղված։

Կարին Տոնոյանի՝ Արցախի հերոս Մենուա Հարությունյանի մոր և «5165» շարժման ղեկավարի յուրաքանչյուր գրառումը սոցցանցում ուղեկցվում է օգտատերերի մի մասի ապշեցուցիչ անհամարժեք և չարությամբ լեցուն մեկնաբանություններով։ Պատերազմում որդի կորցրած, վիշտը հաղթահարած և հանուն Հայրենիքի պայքարի ելած կնոջ նկատմամբ ագրեսիան և թշնամանքը պարզապես անցնում են ամեն չափ ու սահման. նույնիսկ եթե հաշվի առնենք, որ ֆեյսբուքյան խուլիգանների կեսը ֆեյքեր են, ամեն դեպքում նման զազրելի մեկնաբանություններ գրում են մարդիկ: Չենք խոսում արդեն փաշինյանական իրական զոմբիների մասին, որոնց գրառումները գերազանցում են մարդկային ստորության, բթամտության ու ցինիզմի սահմանները։

Զոհվածների հարազատների նկատմամբ բռնություն, այդ թվում՝ ֆիզիկական, նախկինում թույլ է տվել նաև ոստիկանությունը: Այսպես, 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ ռեժիմի պարագլուխը որոշեց այցելել Եռաբլուր, իսկ այնտեղ գտնվող ծնողները փորձում էին խոչընդոտել դրան, ոստիկանները բռնի ուժով դուրս հրեցին նրանց պանթեոնի տարածքից։ Գերիների և անհայտ կորած զինծառայողների հարազատների վերջին ակցիաները նույնպես հաճախ ուղեկցվել են Նիկոլի հավատարիմ ցերբերների բռնի գործողություններով:

Երկրում տիրող մթնոլորտն ինքնին, իշխանությունների քարոզչամեքենայի ջանքերով, ուղղված է նրան, որ զրոյացվեն ու ջնջվեն բոլոր և ամեն տեսակի հեղինակություններն ու սրբությունները, և պատերազմի հերոսներն այդ շարքում, հայտնի պատճառներով, առաջին թիրախներից մեկն են։ Նման անբարո մթնոլորտում միանգամայն օրինաչափ է նաև վերջերս Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի պղծումը։ Այս մթնոլորտը բռնություն է հրահրում ու խրախուսում ուժի և հոգեբանական ճնշման կիրառումը ցանկացած անձի նկատմամբ, անկախ սոցիալական կարգավիճակից ու տարիքից, ով համարձակվում է ոտնձգություն կատարել Նիկոլի և նրա ոհմակի իշխանության նկատմամբ։ Եվ ոչ ոք, նույնիսկ պատերազմում զավակ կորցրած մարդիկ, չեն կարող բացառություն լինել ոչ միայն խիղճը, այլև արդեն մարդկային կերպարանքը կորցրած հանցագործների թիմի համար։

Պատերազմից անմիջապես հետո նման բան պատկերացնել հնարավոր չէր. զոհվածների ընտանիքները շրջապատված էին անսահման կարեկցանքով ու հասարակության մեծարանքով։ Ինքը՝ Փաշինյանը, երեսպաշտորեն ծնկի էր գալիս Եռաբլուրում մայրերի ու գերեզմանների առջև։ Այսօր, երբ պատռված են հանցավոր վարչախմբի բոլոր դիմակները, երբ Նիկոլի հաճկատարները կանգ չեն առնում ոչ մի բանի առջև՝ իրենց շեֆին ժողովրդական ցասումից պաշտպանելու և նրա իշխանությունը պահպանելու ձգտումով, «կարմիր գծեր» չեն մնացել նաև այդ հարցում։

Զոհված զինվորների հարազատները, որոնք պայքարի են ելել իրենց երեխաների մահվան մեղավորներին պատժելու համար, իշխանությունների աչքում դարձել են նույնքան վտանգավոր բողոքող քաղաքացիներ, որքան շարժման մյուս բոլոր մասնակիցները: Ռեժիմը հատել է անբարոյականության ու սրբապղծության վերջին սահմանները. բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ պայքարի են ելել Փաշինյանի ու իր կամակատարների դեմ, բռնության և տեռորի թիրախ են դարձել ոստիկանության ու այլևայլ «բերետավորների» համար։ Այդ ճիվաղներին չի կասեցնի ո՛չ սևազգեստ մոր, ո՛չ էլ որդու լուսանկարը ձեռքին կանգնած վշտաբեկ հոր տառապանքը։

Վաղը Նիկոլը միանգամայն կարող է հրամայել ձերբակալել, կալանավորել, ծեծել և նույնիսկ կրակել նրանց վրա, ովքեր Հայրենիքին են տվել ամենաթանկը, որոնց զավակները զոհվել են այն բանի համար, որ պետությանը ծանակող ապաշնորհների թիմը շարունակի վայելել կյանքն ուրիշների հաշվին։ Նրանց պարագայում, ովքեր ամենից առավել գնահատում են իշխանությունն ու փողը, ովքեր հոգում են միայն սեփական հաճույքների ու բարօրության մասին, այլ կերպ լինել չի էլ կարող։ Ասաց, չէ՞, մի առիթով ինքը՝ գերագույն տականքը. պլյուս-մինուս 50 զոհ, ի՞նչ տարբերություն։