Հայաստանում մեկնարկել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան

Երևանում մեկնարկել է «Գեորգիևյան ժապավեն» հայրենասիրական ակցիան։ Ակցիայի շրջանակում առաջին միջոցառումը կայացել է Երևանի Վ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Ռուս-հայկական երիտասարդական միության ակտիվիստները «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ ուսանողներին ներկայացրին Հաղթանակի օրվա խորհրդանիշի պատմությունը, ակցիայի մասնակիցներին հուշեցին, թե ինչպես է պետք ճիշտ կրել ժապավենը, ինչպես նաև ցուցադրեցին միջազգային ակցիայի պատմության և Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ներդրման մասին տեսանյութեր:

Ավելի ուշ երիտասարդներն ու կամավորները դուրս եկան Երևանի փողոցներ, որտեղ ժապավեններ բաժանեցին մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ էստաֆետը փոխանցելով մյուս հասարակական կազմակերպություններին ու կառույցներին։ Ապրիլի 28-ին «Գեորգիևյան ժապավեն» ակցիային կմիանա Գյումրի քաղաքը: Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում նախաձեռնությունը կտևի մինչև մայիսի 8-ը:

Նշենք, որ «Գեորգիևյան ժապավենը» անցկացվում է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի 77-րդ տարեդարձի տոնակատարությանը նվիրված միջոցառումների շրջանակում: Հայ-ռուսական երիտասարդական միությունը Հայաստանում ակցիան իրականացնում է 2016 թվականից, տեղեկացնում է Sputnik Արմենիա։