ԵԹԵ ՃԱՐ ՉՈՒՆԵՔ, ԹՈՒՅԼ ԵՔ, ԳՆԱՑԵՔ ՏՈՒՆ․ ԿԱՊԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Lragir.am-ի զրուցակցին է Կապան համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հայրապետյանը։
Պարոն Հայրապետյան, ի՞նչ իրավիճակ է այսօր Սյունիքում։ Հայաստանի իշխանությունները զորքերը հայելային հետքաշելու առաջարկով են հանդես եկել ամիսներ առաջ, Բաքվի զորքերը Սյունիքի համայնքներում են դիրքեր զբաղեցնում, նախորդ տարվա մայիսին դարձյալ առաջխաղացում ունեցան։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։
Ասում են՝ հայելային հետաքաշում, եթե մենք հետ գնանք, ո՞ւր ենք գնալու։ Մեր մարզի ռելիեֆը, սահմանները գիտեք, նաև ողնաշարի միջին լայնությունն էլ գիտեք, թե քանի կիլոմետր է՝ միջինը 30 կմ-ից պակաս է։ Եթե մենք մի քիչ հետ գնանք, կարո՞ղ է անկախ մեզնից հատենք Նախիջևանի սահմանը։ Եվ ընդհանրապես ո՞ւր գնանք։ Զորքերը հետ քաշելու հետևանքը մենք ամեն օր տեսնում ենք մեր քթի տակ։ Եվ չգիտես ում դիմես, որ այդ հարցերի պատասխանն ստանաս։
Ինչ վերաբերում է մարդկանց տրամադրություններին, ես չէի ցանկանա հավաքական գնահատական տալ, նույնն է, ինչ Հայաստանի այլ բնակավայրերում։ Միգուցե մեզ մոտ մարդիկ ավելի աչալուրջ են, ավելի պատասխանատու են և միգուցե մեզ մոտ էլ ավելի անհանգստացած են՝ առաջին հերթին հենց մեր սահմանների հարցով, երկրորդը՝ Արցախի հարցով։ Այսինքն՝ մենք չենք էլ տարանջատում Արցախն ու Հայաստանը, մտածում ենք, որ խնդիրները մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Մարդիկ հիմնականում հանգիստ են, մի կողմից դա դրական է, մյուս կողմից, չգիտեմ՝ հույսն ում վրա են դրել, որ անհանգիստ չեն։ Եթե գանահատելու լինենք՝ կա՞ ինչ-որ կառույց, անհատ, որի հետ այսօր կարելի է հույս կապել ու մնալ թմբիրի մեջ, նույնիսկ չհետաքրքրվել, թե ինչ է կատարվում, չկա։ Այսօր մարդկանց սովորեցնում են ոչ թե չանհանգստանալ, այլ արդեն նույնիսկ չհետաքրքրվել իրավիճակով։ Պետք է տեղեկացված լինես, որ անհանգստանաս, հիմա այդ ինֆորմացիան վաղուց չկա, եղած դեպքում էլ աղավաղված է, ոչ ոք չի էլ վստահում ստացած տեղեկություններին։ Մարդկանց բերել ու հասցրել են այդ վիճակի, որ տեղեկացված չեն, հետևաբար, չեն անհանգստանում։
Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։
Ես առաջին հերթին կասեի, թե ինչ չի կարելի անել, և իմ այդ ասելիքն ուղղված է իշխանություններին։ Առաջին հերթին չի կարելի մարդկանց ու հասարակությանը պառակտել, չի կարելի մարդկանց լարել մեկը մյուսի դեմ, դարձնել դասակարգային թշնամիներ։ Եթե մենք գիտակցում ենք, որ չի կարելի, նշանակում է, որ իշխանություններն էլ են գիտակցում։ Կարո՞ղ եմ ենթադրել, որ միտումնավոր են անում։ Ի՞նչ պետք է անել անվտանգային խնդիրներով՝ ինչ վերաբերում է հայելային հետքաշմանը, դա աբսուրդ է։ Մենք կարողանալո՞ւ ենք մեկ ոտքի վրա կանգնել, մենք երկու ոտքի վրա կանգնած չենք կարողացել մեջներքս ուղղել, ո՞ւր ենք հետ քաշվելու։ Մեր այսօրվա բնագիծը մեր բնակավայրերն են, ոչ ավելի։ Հիմա հետ գնանք, այսինքն՝ բնակիչը մնա միայնակ, մենք մի քանի կմ հետ տանենք բնագիծը, գյուղացին կմնա՞ իր բնակավայրում։ Կամ ո՞ւմ համար են այդ անվտանգության համակարգերը, այդ թվում՝ բանակը, եթե բնակչին չեն պաշտպանելու։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համաձայնության են եկել սահմանազատման հանձնաժողովի կառուցվածքի շուրջ։ Այս պայմաններում սահմանազատում պե՞տք է արվի։
Եթե քո հակառակորդը շտապում է, նշանակում է՝ նա շահեկան վիճակում է և ուզում է առիթից օգտվել։ Իսկ միգուցե դու հապաղե՞ս, միգուցե գոնե հիմա խելքդ կտրի հապաղես։ Այս իշխանությունները, եթե գնում են խաղաղության, գնում են կոնկրետ գնով։ Իսկ այդ գինը, ցավոք, դեռ քանի-քանի սերունդներ պետք է մեզնից հետո վճարեն։ Իսկ մինչև մեզ քանի-քանի սերունդներ են վճարել։
Իշխանությունները զիջողի դիրքերից են հանդես գալիս, խնդիրները հենց այստեղի՞ց են ծագում։
Այո, թույլի դիրքերից են հանդես գալիս, բայց ես ուզում եմ ասել՝ եթե ճար չունեք, գնացեք տուն։ Դուք նախկիններին հենց դրանում էիք մեղադրում, որ՝ չեք կարող, գնացեք տուն։ Հիմա դու ինքդ ես ասում՝ չեմ կարող, և առահասարակ ասում ես՝ կարող եմ միայն սա անել։ Եթե քեզ համար անելանելի վիճակ է, ինչո՞ւ ես այդ բեռը վերցնում քո ուսերին, գնա տուն։ Ինչ վերաբերում է մեր թույլ լինելուն, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ես փնտրում մարդու մեջ․ եթե հղում ես կատարում մարդու թուլություններին, այո, նա ցուցաբերելու է թուլություն։ Եթե մարդու ուժեղ կողմերի վրա ես հղում անում, բնականաբար, նա կլինի խիզախ։ Նույնը վերաբերում է պետությանը։ Ես չեմ հավատում, որ այս իշխանությունները չեն գիտակցում, որ ինչ-որ բան ստորագրելով՝ միևնույն է խաղաղություն չի լինելու։ «Բանկետի» շարունակություն է լինելու, ի՞նչ խաղաղություն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Lragir.am