Քննարկվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է կառավարությունը` հավելելով, որ Գրիգորյանն ընդունել է իրանցի նախարարի գլխավորած պատվիրակությանը:
Կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանման, ինչպես նաև մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի դյուրինացման շուրջ ընթացող քննարկումները:
Գրիգորյանը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:
Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակներում Իրանի հետ համագործակցության խորացման հնարավորություններին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում երկու երկրների համագործակցության առկա ներուժի շուրջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: