Փաշինյանը խոսել է Փառուխի մասին. ի՞նչ ակնկալիք ունի
Հայաստանն ակնկալում է, որ ռուսական խաղաղապահները կապահովեն ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում զորախմբի պատասխանատվության գոտուց։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։
«Ադրբեջանական ստորաբաժանումների` Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու փաստը, իհարկե, շարունակում է մեզ անհանգստացնել», - ասել է վարչապետը։
Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, և հույս է հայտնել, որ ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը իրենց պատասխանատվության գոտուց։
Սա, նրա խոսքով, կարևոր խնդիր է, այդ թվում՝ արցախցիների համար` գնահատելու անվտանգության երաշխիքների այն համակարգը, որը այսօրվա դրությամբ ներդրված է Արցախում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։