ՀՀ-ում զանգվածային անկարգությունների իրական վտանգ կա. ԱԱԾ-ն զգուշացնում է
Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին։
«Հորդորում ենք զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։
Կառույցը զգուշացնում է, որ օրենքով նախատեսված գործուն միջոցներ է ձեռնարկելու հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։