Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՑԻՆԻԿ ՍՏԱԽՈՍ ԱԼԻԵՎԸ ՍԽԱԼ ՀԱՇՎԱՐԿ Է ԿԱՏԱՐԵԼ

Իլհամ Ալիևն աննախադեպ հակառուսական ելույթ է ունեցել։ Նա անցել է բոլոր սահմանները՝ Ռուսաստանին, փաստորեն, ագրեսոր երկիր անվանելով և կոչ անելով Ուկրաինային կռվել մինչև վերջ։

Իսկ ի՞նչն է նրան ստիպել անցնել Ռուբիկոնը։ Իմ համոզմամբ, Ալիևը թյուրիմացաբար եկել է այն եզրակացության, թե Ռուսաստանը շատ շուտով պարտվելու է արևմուտքի հետ ծավալված խոշորագույն հակամարտության մեջ, որի ռազմական կողմն այս պահին առայժմ տեղայնացվել է Ուկրաինայում։ Բայց Ալիևը սխալ հաշվարկ է կատարել։

Նրա այս ինքնավստահ հակառուսական բռնկումն ի ցույց է դնում նաև, թե ում է նա առավելապես լսում և ումից է նա գերազանցապես կախված։ Ալիևը կանգնում է արևմուտքի կողքին՝ ընդդեմ Ռուսաստանի, որը նրա հզորագույն հարևանն է։ Հետևանքները Բաքվի համար կարող են լինել շատ անսպասելի ու չափազանց ցավոտ։

Ֆաշիստ Ալիևի այսօրվա ելույթը վկայում է նաև նրա վերլուծական թույլ կարողությունների, ինքնասիրահարվածության և իրական աշխարհառազմավարական իրավիճակը գնահատելու անընդունակության մասին, որոնց բոլորին էլ ժամանակին անդրադարձել եմ՝ նկարագրելով նրա հետ իմ անձնական բախումը Սթենֆորդի համալսարանում տակավին 1998 թ.՝ ընդգծելով, մասնավորապես, որ նա «ծույլ է, խորամանկ, կարճատես և անճկուն…, նարցիսիստ է, ցինիկ ստախոս, բայց վատ դերասան...: Ալիևը հեշտությամբ ընկնում է շփոթության մեջ՝ դառնալով դանդաղամիտ ու չափից դուրս շիտակ»։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ