ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական հաղորդագրությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հաղորդագրությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ, հայտարարելով, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,– ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Պաշտպանական գերատեսչությունը նաև վստահեցնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Ադրբեջանի Պն–ն հայտարարել էր, թե մայիսի 1-ին՝ ժամը 13:40-17:45-ը, Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները Վարդենիսի շրջանում տեղակայված դիրքերից ականանետերից և գնդացիրներից ժամանակ առ ժամանակ կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի ՊՆ-ը մայիսի 1-ին հայտարարել էր նաև Հայաստանի զինված ուժերի կողմից Քարվաճառի տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։