Հայտնի է, թե ինչու է ձերբակալվել Գերասիմ Վարդանյանը

ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է՝ կալանավորման միջնորդությունն ապահովելու համար. այսինքն՝ դատարանին հասու դարձնելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Իրավապահները մտավախություն ունեն, որ նա կդիմի փախուստի։ Նա ձերբակալվել է 18-ժամյա ռեժիմով»,- ասաց փաստաբանը։

Գալստյանը հայտնեց, որ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված քրեական գործով. «Որոշել են ակտիվացնել այս գործով քրեական հետապնդումները։ Որոշակի մասով մեղադրանքի ձևակերպումներ են հանվել, այսինքն՝ մեղադրանքի որոշակի հատվածներ վերացվել, որոշակի հատվածներ ավելացվել են։ Ըստ էության, մեղադրանքի խստությունը մնացել է նույնը»։

Հիշեցնենք, որ այսօր անհնազանդության բողոքի ակցիաների ընթացքում կարմիրբերետավորները Գերասիմ Վարդանյանին ձեռնաշղթաներով բերման են ենթարկել։

Նշենք, որ մինչ այդ Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանին, Արամ Վարդևանյանին, սակայն ի վերջո, բերման չէին ենթարկել:

Հիշեցնենք, որ Երևանում, չնայած անձրևային եղանակին, վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: