ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Էդուարդ Մարտիրոսովին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Սովորաբար ԿԽՄԿ-ի տեսակցությունը գերեվարվածներին առաջին հերթին անձին գրանցելու հնարավորություն է տալիս, ինչը հնարավոր անհետացումներից զերծ պահելու երաշխիք է տալիս։ Մյուս կողմից` քանի դեռ անձը գտնվում է գերության մեջ, ԿԽՄԿ-ի այցերը նպաստում են, որ վերահսկվի անձի հանդեպ վերաբերմունքը, հարազատների հետ կապի մեջ մնա»,- ասաց Ամատունին։

Նրա խոսքով` սա առաջին տեսակցությունն էր Մարտիրոսովին, և այցի շրջանակում նրան ընտանիքի հետ նամակի միջոցով կապ հաստատելու հնարավորություն է տրվել։ Բացի այդ, ստուգվել են նրա պահման պայմանները, առողջական վիճակը։

Ամատունին հուսով է` նման այցերը պարբերական կլինեն, քանի դեռ անձը գերության մեջ է։