Վահե Հակոբյան․ Կան հատուկենտ ոստիկաններ, որոնք ատելությամբ են լցված ժողովրդի հանդեպ

Ոստիկանների շրջանում կան հատուկենտ մարդիկ, որոնք ատելությամբ ենք լցված ժողովրդի հանդեպ։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Հայտնել ենք, որ Բաղրամյան պողոտայում բավական լարված էր իրավիճակը. ոստիկաններն ակցիայի մասնակից երիտասարդներին ուժով բերման ենթարկեցին, այդ թվում` ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին։

«Ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառում` մենք երևի 100 հոգով էինք, նրանք` 300։ Մենք պարզապես քայլում էինք` ոչ էլ փակել էինք փողոցը, և եկան ու հատուկ մի քանիսին բերման ենթարկեցին։ Կան հատուկենտ ոստիկաններ, որոնք ատելությամբ են լցված ժողովրդի հանդեպ։ Այս ամենից հետո նրանց պետք է ուղարկել Սև լճի տարածք, որ թուրքերին քշեն այնտեղից»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` 2018-ին, երբ այդ ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ ակցիաներ էր անում, նման բիրտ ուժ ոստիկանները չէին կիրառում։ Ավելին, ոստիկաններին, ըստ Հակոբյանի, հատուկ ցուցում էր տրվում, որ ժողովրդի նկատմամբ զգույշ լինեն։

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց նաև, որ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների թվում են նաև իր երկու օգնականները, դրսից ՀՀ ժամանած ընկերները, տեղեկացնում է Sputnik Արմենիա։