«Ժողովուրդ». ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ՈՒՇԱԳՐԱՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵԿԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ առավոտից ընդդիմությունը մի քանի ժամ անհնազանդության ակցիաներ արեց Երևանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։
Իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաները սկսվեցին առավոտյան 8-ն անց 30-ից միանգամից մի քանի փողոցներում։
Թե քանի օր են շարունակվելու այս ակցիաները, երբ և ինչպես են իրենց ծրագրին հասնելու ընդդիմադիրները, դեռ հստակ չէ։ Երկրորդ օրն է՝ ընդդիմադիրները գիշերում են Ֆրանսիայի հրապարակում, որը փակ է չորս կողմից։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ոստիկանության ներսում այս հարցը քննարկվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունը երբ ներքին քննարկումներ է ունեցել, կարծիք է հնչեցրել, թե 3 օր այսպես կշարունակեն ընդդիմադիրները, հետո կցրվեն տներով:
Այսինքն՝ իրավապահ և ուժային համակարգի ներկայացուցիչները կարծում են, թե ընդդիմադիրների հավաքներն այնքան էլ երկարատև չեն լինի և հետևաբար չեն հանգեցնի իշխանափոխության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ինչը որ պահանջում են ընդդիմադիրները:
Երեկվա երթին, սակայն, բավականին մեծ թվով քաղաքացիներ կային, և էներգետիկան ու տրամադրվածությունը բավականին հեղափոխական էր»: