Զոհված զինծառայողի ծնող․ Դատախազությունից այսօր ստացանք որոշումը. թվով 26 հերոսներ ճանաչվեցին տուժող

Ի պատասխան մեր արդար պահանջի, մեր գործը մի փոքր առաջ է գնացել. Դատախազությունից այսօր ստացանք որոշում և թվով 26 հերոսներ ճանաչվեցին տուժող: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը:

Նա ներկայացրեց որոշումից մի հատված. «Վարույթն իրականացնող քննիչը փաստել է, որ նյութերով ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ 2020սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում ամրագրված կարգավորումներին հակասող այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք բացասական նշանակություն են ունեցել ԶՈՒ մարտունակության հարցում և ազդել պատերազմիօ արդյունքի վրա»:

Այնուհետև զոհված զինծառայողի հայրը շարունակեց. «Որքանով տեղյակ եմ, Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձը վարչապետն է, որը ԱԺ-ից հայտարարեց, որ միակ պատասխանատուն ու մեղավորը ես եմ: Մենք դիմում ենք գլխավոր դատախազին, որ ամենբարձրաստիճան պաշտոնատար անձին ներգրավեն որպես մեղադրյալ և նշված գործով հարցաքննեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատախազությունը բավարարել էր պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը:

Նրանք նաև պահանջել էին գործում որպես մեղադրյալ ներգրավել նաև Նիկոլ Փաշինյանին: Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդության լուծումը: