Վանաձորում բողոքի մեծ երթ տեղի ունեցավ. իրավիճակը լարված է

Վանաձորում այսօր՝ մայիսի 3-ին, անհնազանդության կցիաներ են տեղի ունեցել, երթ է անցկացվել քաղաքում: Երթի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի նկարով, ով հիմա անազատության մեջ է:

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Առանց Նիկոլ Հայաստան», «միացում»:

Ոստիկանները փորձեցին խոչընդոտել երթի անցկացումը և բացել ճանապարհը: Իրավիճակը լարվեց, սակայն քիչ անց երթը շարունակվեց:

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Բացի այդ, այսօր ճանապարհներ են փակվել նաև մարզերում, մասնավորապես, փակվել է Սևան-Երևան, Վանաձոր-Երևան, Գյումրի-Երևան, նաև Գորիսից Երևան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: