ՆԻԿՈԼԻ ԿՈՂՔԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՉԿԱ, ԴԱՎԱՃԱՆԸ ՀԵՆՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՊԱՏԺԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ

Ժողովուրդը չի ներել…

4 տարի առաջ Նիկոլը ստում էր, թե ժողովրդին է վերադարձնելու թալանվածը՝ մինչև վերջին լուման։ Գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերի շարքային մասնակիցներին խոստանում էին չեղարկել բանկային վարկերի պարտքերը, ջնջել «կարմիր գծերը», ապահովել բարձր վարձատրվող աշխատատեղեր, արտոնյալ վարկեր տրամադրել երիտասարդ ընտանիքներին և այլն:

Խաբեության զոհերն արդեն մի քանի տարի շարունակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի օրինակով, հարց են տալիս, թե քանի՞ միլիոն եվրո է վճարել Սամվել Մայրապետյանը՝ ազատության և Գերմանիայում բուժվելու հնարավորության համար: Քանի՞ միլիոն դոլար է տվել ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը՝ բանտից դուրս գալու համար (լրատվամիջոցները նշում են 300 միլիոն դոլար աստղաբաշխական գումարը):

Ո՞ւր կորան Նիկոլի խոստացած կուլակաթափությունից հետո Հայաստանի սահմաններից դուրս հայտնված բարձրաստիճան այլ պաշտոնյաների վճարած փրկագնի գումարները։ Ազատության դիմաց վճարված միլիոնները վաղուց արդեն Աննա Հակոբյանի հիմնադրամների և Աշոտիկի արտասահմանյան հաշվեհամարներին են, ժողովրդին ոչ մի լումա բաժին չհասավ։ Այսօր Նիկոլի կողքին ժողովուրդ չկա, դավաճանը հենվում է միայն ոստիկանության և ԱԱԾ-ի պատժարարների վրա։ Երկու ծառայությունների մարզային կառույցներն այս օրերին տեղափոխվել են Երևան՝ փողոցային ակցիաները ցրելու։

Տեղեկություններն այն մասին, որ ոստիկանության շարքերում գործում են օլիգարխների թիկնապահներից բաղկացած ավազակախմբեր, նախօրեին հաստատեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ մորեգույն և սև բերետավորների դաժան հաշվեհարդարները անպատժելիության գիտակցումից բորբոքված սադիզմի օրինակ են: Ստեփան Շահումյանի արձանի առջևի հրապարակում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մայիսի 2-ին փորձել է օգնել ծեծի զոհ դարձած երիտասարդին և անմիջապես բռունցքով հարված ստացել դեմքին: Ծեծի ենթարկելիս ոստիկանները հարվածներ են հասցնում գլխին և ստոծանուն։ Նույն հրապարակում վարորդին դուրս են բերել դեղին միկրոավտոբուսից, նետել ասֆալտին ու սկսել ծեծել միայն այն բանի համար, որ նրան է դիմել ակցիայի մի մասնակից, իսկ վարորդը նրան ինչ-որ բան է պատասխանել…

«Դուք Նիկոլի խուլիգաննե՛րն եք, ոչ թե ոստիկաններ»

Բերման ենթարկվող քաղաքացիներին ոստիկանները սկզբում գլխով ողջ թափով հարվածում են ոստիկանական մեքենայի փակ դռանը և միայն դրանից հետո բացում դուռն ու նստատեղին նետում ծեծից արդեն ուժասպառ մարդուն։

ԱՅՍ «ՆՈՈՒ-ՀԱՈՒՆ» ՆԱԽՕՐԵԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՄԻ ՔԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ: «Դուք Նիկոլի խուլիգաննե՛րն եք, ոչ թե ոստիկաններ»,- գոչեց մորեգույն բերետների դեմքին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Նա փորձում էր հիշեցնել ոստիկաններին, որ պարտավոր են օրինական պահանջներ ներկայացնել փողոցային ակցիաների մասնակիցներին՝ նախքան այդ պահանջները կատարելուց իբր հրաժարվողներին ծեծի ենթարկելը: Ոստիկանի համազգեստով մարդիկ այնպես էին նայում պատգամավորին, ասես առաջին անգամ էին լսում օրինական պահանջների մասին։ Դատելով ամենից, փողոցային ակցիաները ցրելու գործում ներգրավված են ոչ միայն օլիգարխների թիկնազորի մարդիկ, այլև «Հեղափոխության պահապանների» կարգի կիսաքրեական տարրեր: Թիկնապահները, որպես կանոն, նախկին զինվորականներ կամ ոստիկաններ են, նրանք տեղյակ են օրինական պահանջների մասին։

«Դրանք վայրի գազանների պես են հարձակվում մեր վրա»,- արձանագրեց Սաղաթելյանը։ Ակցիայի մասնակիցները վանկարկում էին. «Ոստիկանը Նիկոլ չէ՛», մինչդեռ ոստիկաններն իրենց գործողություններով փորձում էին ապացուցել հակառակը։ Անկախության տարիներին ոստիկանները երբեք այսչափ ցուցադրական դաժանությամբ չեն գործել։ «Թող ձերբակալեն, թող բերման ենթարկեն, անհնա՛ր է բերման ենթարկել մի ամբողջ ժողովրդի»,- ընդգծեց Սաղաթելյանը։ Նրա խոսքերով՝ դաժանությունն արդեն անիմաստ է, քանի որ «Նիկոլը վերջացած է»։ Նախօրեին կայացած հանրահավաքի ամբիոնից ԱԺ փոխնախագահն արձանագրեց, որ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին:

Պատգամավորները փորձել են մեղմել իրավիճակը

Ոստիկանապետ Վահե Ղազարյանին երեկ այդպես էլ չհաջողվեց զեկուցել Նիկոլին այն մասին, թե Ազգային-ազատագրական շարժումը ջախջախված է։ Հենց որ ոստիկանները մարում էին դիմադրության մեկ օջախ, գիտակցության կորստի աստիճան ծեծելով ու բերման ենթարկելով ակցիայի տասնյակ մասնակիցների, համանման օջախներ էին բռնկվում միաժամանակ մի քանի այլ վայրերում։

Մինչեվ ժամը 17-ը ոստիկաններն ակտիվորեն ճնշել են փողոցային ակցիաները, իսկ մութն ընկնելուց հետո՝ ուժասպառ եղել ու սկսել հանգիստ պահել իրենց: Սաղաթելյանն ասաց, որ հեշտ է տարբերել իրենց գործը պրոֆեսիոնալ կատարող ոստիկաններին նրանցից, ովքեր ծեծում են փողոցային դիմադրության մասնակիցներին: «Մենք կհիշե՛նք նրանց անունները»,- խոստացավ նա։

Հերթական հաշվեհարդարի վայրից նույնիսկ տպավորիչ հեռավորության վրա նկատելի է, թե ինչպես է կոչումով ավագ ոստիկանը նշան անում մյուսներին՝ ցույց տալով, թե ակցիայի մասնակիցներից հատկապես ում է պետք տապալել ասֆալտին և բերման ենթարկել։ Ոստիկանները չորս հոգով միանգամից բռունցքներով հարձակվում են ակցիայի այդ մասնակցի վրա։ Հարվածում են, կրկնեմ, անմիջապես գլխին և ստոծանուն: Հարվածները հասցնում են ողջ ուժով, անկախ նրանից, թե ով է թիրախը. երիտասարդ տղամարդ, թե փխրուն աղջիկ…

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Էլինար Վարդանյանը և Արթուր Ղազինյանը տեսախցիկների առջև փորձեցին բանը ներկայացնել այնպես, թե սադիզմ և բռնություն են ցուցաբերել առանձին ոստիկաններ, որոնք, գուցե, բնավ ոստիկան էլ չեն, իսկ պրոֆեսիոնալ իրավապահները, նրանց խոսքերով, մեծամասամբ պահպանում են օրինականությունը: Առանց այդ էլ ծայրաստիճան շիկացած փողոցային իրավիճակը չսրելու պատգամավորների ձգտումը միանգամայն բացատրելի է։ Ակնհայտ է, որ ոստիկանների անվան տակ հանդես են գալիս կողքից վարձված պատժարարներ, բայց ֆիզիկական հաշվեհարդարներն այս օրերին ամենուր են, ուստի դժվար թե տեղին է խոսել ոստիկանության լոկ առանձին ներկայացուցիչների մասին, որոնք հակված են ծայրահեղ բռնության։

Շատ ավելի տեղին է արձանագրել ակնհայտը. Փաշինյանի ընկեր Վահե Ղազարյանը ոստիկանության ծառայությունը վերածել է փողոցային բողոքի ակցիաները ճնշելու և Նիկոլի հրաժարականը պահանջողների նկատմամբ բռնություն կիրառելու գործիքի։ Ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանին անսահմանափակ լիազորություններ են տրված փողոցային բողոքները ճնշելու համար։ Պետական ուժային կառույցի ղեկավարին բնորոշ բոլոր նորմերը նախօրեին խախտած Սարգիս Հովհաննիսյանի պահվածքը ևս մեկ անգամ հաստատեց, որ Նիկոլը արձակել է ուժայինների ձեռքերը՝ Ազգային-ազատագրական շարժման ակտիվիստների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար։ Ուժայինների կատաղությունը թելադրված է այդ շարժման դեմ իրենց անզորությամբ։ Ինչպես արձանագրել է պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ուժայինները Նիկոլին զեկուցել են փողոցային ակցիաների մասնակիցների 3 անգամ պակաս թվի մասին (12 հազար), որպեսզի խուսափեն նրա զայրույթից: Համաձայն բոլոր կանխատեսումների՝ մայիսի 3-ին մայրաքաղաքի փողոցներ դուրս կգա մինչև 50 հազար մարդ: