Քոչարյանական, սերժական, դաշնակցական իշխանություն չի լինի. Սաղաթելյանն ասաց` ինչ է լինելու

Դիմադրություն շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց, որ իշխանափոխությունից հետո չի լինելու «քոչարյանական, սերժական, դաշնակցական» իշխանություն։

«Ինչպիսի կառավարություն է ձևավորվելու ես մի քանի անգամ այս հրապարակից ասել եմ՝ ձևավորվելու է ազգային ժամանակավոր կառավարություն։ Դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն, դա չի լինելու դաշնակցական, հանրապետական, քոչարյանական կամ որևէ մեկի կառավարությունը, դա լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն», - ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ գործող իշխանությունը կա՛մ բանակցություններով է հանձնելու Արցախը, կա՛մ նոր պատերազմով։

«Եթե Նիկոլը մնա՝ պատերազմ կլինի, որովհետև ինքը խոստումներ ունի տված Ալիևին», - ասաց նա։

Սաղաթելյանը տեղեկացրեց, որ վաղը առավոտից ակցիաները շարունակվելու են, իսկ ժամը 12։00-14:00-ը մբողջ երկրում բողոքի և անհնազանդության համատարած ակցիաներ են լինելու։ Ժամը 15:30 քաղաքացիները հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի միասին հետևեն ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանին, որին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը։ «Նիկոլը գալու է ԱԺ, մենք պետք է լինենք այս հրապարակում իր հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար»,–ասաց Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։