Ղարիբաշվիլին ընդունել է Գրիգորյանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և նրա հետ քննարկել հայ-վրացական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններին, հետագա համագործակցության ոլորտներին։

Ղարիբաշվիլին ընդգծել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման կարևորությունը։

«Երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար Վրաստանը կրկին պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային երկխոսության մեջ՝ խթանելու տնտեսությունը, առևտուրը, մշակույթը և այլ ոլորտներ»,- ասել է նա։

Կողմերն անդրադարձել են Վրաստանի վարչապետի «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությանը` որպես երկխոսության կարևոր հարթակ։ Խոսել են նաև Ուկրաինայի մասին։

Ընդգծվել է, որ այս տարին առանձնահատուկ է Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների համար, քանի որ լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։