Շարմազանով․ Իշխանությունները զգում են մոտալուտ վտանգը
Իշխանություններն ամեն ինչ լավ էլ նկատում են, պարզապես փորձում են իրենք իրենց համոզել, որ ամեն ինչ նորմալ է, իրավիճակն իրենց վերահսկողության տակ է: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, անհնազանդության երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, իշխանությունները զգում են մոտալուտ վտանգը, հանրային վստահություն, լեգիտիմություն չունեն. «Ինչքան էլ ուզում են մեծ-մեծ խոսեն, սա ժողովրդական, ազգային շարժում է։ Փաշինյանը չի կարող երկու անգամ նույն գետը մտնել։ Նա մի անգամ ժողովրդին խաբել է, երկրորդ անգամ խաբել չի ստացվի։ Նա պետք է հեռանա»։
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա կուսակցական շարժում չէ, թեև կան կուսակցություններ, քաղաքական գործիչներ, բայց սա Հայաստանի լինել-չլինելու խնդիր է։
«Մենք պետք է դուրս վռնդենք կապիտուլյանտների շայկային, որոնք մեր 30-ամյա հաղթանակները սարքեցին պարտություն, որոնք պատերամզ բերեցին, Նիկոլն ինքը պատերազմի խորհրդանիշ է, ինքը բերել է պատերազմ։ 5000 երեխու մահվան, զոհաբերության գլխավոր մեղավորն ու պատճառն է, ինքն է դա խոստովանել։ Ինքը Շուշին ու Հադրութը տվել է, Հայաստանը տալիս է, մնում է որ ի՞նչ անի։ Դա չեմ հասկանում։ Չի ուզում կամավոր գնալ, ուրեմն ժողովուրդը պետք է խաղաղ անհնազանդության ակցիաներով ցույց տա այդ մարդուն ու իր խունտային, որ իրենք անելիք չունեն, պետք է գնան»,- ասաց քաղաքական գործիչը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիևյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաև մարզերում, մասնավորապես, փակվել է Սևան-Երևան, Վանաձոր-Երևան, Գյումրի-Երևան, նաև Գորիսից Երևան եկող ճանապարհները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։
Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։ Այնուհետև ժամը 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։