Հայաստանն ու Վրաստանը 2022 թվականի ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն պաշտպանության ոլորտում 2022 թվականի համագործակցության ծրագիր են ստորագրել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները պաշտպանական ոլորտում և տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել։

Պապիկյանն ու Բուրչուլաձեն կարևորել են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունները: Կողմերն անդրադարձել են Ուկրաինայի իրավիճակին՝ նշելով, որ դա էապես փոխում է գլոբալ անվտանգության ճարտարապետությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:

Վերջին անգամ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Վրաստան է այցելել 2019 թվականին, այն ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Տոնոյանը: