Ընդդիմությունն անհնազանդության ավտոերթ է անցկացնում Երևանում

Ընդդիմության աջակիցները անհնազանդության ավտոերթ են անցկացրել Երևանում: Նրանք մեքենաների ազդանշաններով դանդաղ իջնում են Մյասնիկյան պողոտայով՝ հասնելով Հերացի ու Խանչյան փողոցներին:

Ավտոմեքենաներից պարզված են Հայաստանի և Արցախի դրոշները:

Մեկ այլ ավտոերթ էլ իրականացվում է «Հայրենիք» կինոթատրոնի մոտ:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն և ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ և ցույցեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։