ԼՐԱՆՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ ԲԻՇՔԵԿՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 28-ԱՄՅԱԿԸ
1994թ. մայիսի 5-ին Բիշքեկ քաղաքում, ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի, Ղրղըզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, ստորագրվեց արձանագրություն, որը նախորդեց Հրադադարի մասին համաձայնագրին։
Արձանագրությունը ստորագրողները վճռականություն են հայտնել համակողմանիորեն նպաստել Արցախում և նրա շուրջ զինված հակամարտության դադարեցմանը, որը ոչ միայն անուղղելի վնաս է հասցնում ադրբեջանցի և հայ ժողովուրդներին, այլև էապես անդրադառնում է տարածաշրջանի մյուս երկրների շահերի վրա, լրջորեն բարդացնում միջազգային իրադրությունը.
- սատարելով ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի 1994թ. ապրիլի 15-ի հայտարարությանը՝ նրանք պատրաստակամություն են հայտնել համապատասխան համաձայնագրի կնքման միջոցով լիակատար աջակցություն ցուցաբերել զինված հակամարտության դադարեցմանը և դրա հետևանքների վերացմանն ուղղված՝ գործադիր իշխանության ղեկավարների և ներկայացուցիչների ջանքերին;
- հանդես են եկել Համագործակցության և Միջխորհրդարանական ասամբլեայի բնական ակտիվ դերի օգտին հակամարտության դադարեցման, դրա հետ կապված՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի սկզբունքների, նպատակների և կոնկրետ որոշումների (նախ և առաջ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձևերի) իրականացման հարցերում;
- հակամարտող բոլոր կողմերին կոչ են արել լսել բանականության ձայնին՝ դադարեցնել կրակը ս.թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ հենվելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության վրա (այդ թվում՝ նաև դիտորդների տեղակայման մասով), և ամենաինտենսիվ աշխատանքով ամենակարճ օրերի ընթացքում այն ամրապնդել հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրմամբ, որով կնախատեսվեն ռազմական և թշնամական գործողությունների չվերսկսելու մեխանիզմը, զորքերի դուրսբերումը զբաղեցրած տարածքներից և հաղորդակցությունների գործունեության վերականգնումը, փախստականների վերադարձը, բանակցային գործընթացի շարունակումը;
- համաձայնել են ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարաններին առաջարկել քննարկել Միջխորհրդարանական ասամբլեայի Խորհրդի նախագահ Վ.Ֆ. Շումեյկոյի և Լեռնային Ղարաբաղի հարցով Ասամբլեայի խաղաղարար խմբի ղեկավար Մ.Շ. Շերիմկուլովի նախաձեռնությունը Համագործակցության խաղաղապահ ուժեր ստեղծելու մասին;
- նպատակահարմար են համարել շարունակել նման հանդիպումներն՝ ի շահ զինված հակամարտության խաղաղ լուծման;
- երախտագիտություն են հայտնել Ղրղըզստանի ժողովրդին և ղեկավարությանը աշխատանքի պայմանների ստեղծման, հյուրընկալության և սիրալիրության համար։
Պատվիրակությունների անունից Արձանագրությունը ստորագրել են.
(Ա.Ջալիլով) Ռ.Գուլիև, Բ.Արարքցյան, Կ.Բաբուրյան, Վ.Շումեյկո, Մ.Շերիմկուլով, Վ.Կազիմիրով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Մ.Կրոտով՝ ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական ասամբլեայի Խորհրդի քարտուղարության ղեկավար։
Մի քանի օր անց ստորագրվել է ղարաբաղյան հակամարտության շրջանում հրադադարի մասին Բիշքեկյան համաձայնագիրը։