Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԱՅՍՕՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Է

«Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իրականության մեջ ինքը որևէ առնչություն չունի այն ամենի ինչի հետ, ինչ կատարվում է Հայաստանում»,- երթի ժամանակ լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, Փաշինյանի միակ խնդիրն այսօր դարձել է իր բոլոր տապալումները, հայ ժողովրդին, հայրենիքին հասցրած ողբերգությունը ցրել տարբեր ուղղություններով, ցույց տալ, որ իրենք որևէ կապ չունեն։

«Այն անպատասխանատվության իրավիճակն է, որը ստեղծվել է Հայաստանում։ Բանականաբար, իր հետևից բերել է նոր կորուստներ։ Նրանք փորձում են հայելային հետքաշման միջոցով նոր խնդիրներ ստեղծել Հայաստանի տարբեր հատվածներում, ինչը պետք է կանխել»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Տ.Աբրահամյանն ընդգծեց՝ այսօր Փաշինյանի հեռացումն ունի մեկ նպատակ՝ կանխել թափ հավաքող և գլորվող սպառնալիքների շարքը, հնարավորություն ստեղծել Հայաստանի ու Արցախի համար ուժեղանալ, զարգանալ և այս տարածաշրջանում ապահովել հայի ֆիզիկական գոյությունը։

«Այսօր պայքարն այս տարածաշրջանում հայի ֆիզիկական գոյության համար է»,- նշեց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով, հանրության գերակշիռ մասը գիտակցում է, հասկանում է, թե այս պայքարն ինչին է ուղղված և սադրիչների գործողությունները, որոնք կառավարվում է քաղաքական իշխանության կողմից, նպատակ ունի վարկաբեկելու այն, ինչ տեղի է ունենում։

Panorama.am