Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ հաջակցություն Մոլդովային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալուն

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ հաջակցություն Մոլդովայի Հանրապետությանը Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալուն, հայտնում է DW-ն։

«ԵՄ-ն պետք է Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհի՝ համաձայն Եվրոպական Միության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի (որի համաձայն երկիրը, որը հավատարիմ է ԵՄ արժեքներին, կարող է միանալու հավակնություն ունենալ) և արժանիքների հիման վրա»,- ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում։

Փաստաթղթում Եվրահանձնաժողովին նաև առաջարկվում է հնարավորինս արագ ավարտել Քիշնևի հայտի գնահատումը։ Անկախ նրանից, թե որն է եզրակացությունը, «մոլդովական իշխանություններն, անկասկած, ճիշտ ուղու վրա են՝ իրականացնելով առանցքային բարեփոխումներ, մասնավորապես ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում»,- ասվում է բանաձևում։ Եվրախորհրդարանը նաև կոչ է արել ԵՄ-ին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Մոլդովային՝ ինչպես նոր մակրոֆինանսական օգնության, այնպես էլ տրանսպորտային ծառայությունների և առևտրի ազատականացման հետագա միջոցառումների միջոցով:

Մոլդովայի խորհրդարանը 2022 թվականի մարտի 3-ին ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել՝ հետևելով Ուկրաինային և Վրաստանին։ Անցյալ շաբաթ Քիշնևը Բրյուսելին է փոխանցել երկրի տարբեր ոլորտներում տիրող իրավիճակի մասին հարցաշարի պատասխանների առաջին մասը։ Կառավարությունը մտադիր է պատասխանների երկրորդ մասն առաջիկայում փոխանցել։ Սպասվում է, որ մինչև հունիսի վերջը Եվրահանձնաժողովը զեկույց կներկայացնի ԵՄ-ին միանալու Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի պատրաստակամության մասին, տեղեկացնում է News.am։