ՈՒՄԻՑ Է ԱՅԴՔԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ». ՄԻ՞ԹԵ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՑ
Հիշո՞ւմ եք, թե ինչպես Փաշինյանի վարչապետության արշալույսին իշխանության առաջին նախաձեռնություններից մեկը դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին պետական պահպանությունից զրկելը։ Ի դեպ, «պահպանություն» բառն այս դեպքում շատ բարձր է ասված, քանի որ Նորին Սրբության պարագայում այն բաղկացած էր ընդամենը մեկ մարդուց, և ԱԱԾ այդ միակ սպան համարվեց աններելի թանկ նստող շռայլություն։ Այն ժամանակ նորաթուխ վարչապետը հեգնանքով պատճառաբանում էր իր որոշումը փարիսեցիական փաստարկով. իբր՝ Կաթողիկոսի ինչի՞ն է պետք թիկնապահը։ Մի՞թե վախենում է սեփական հոտից։
Թե ինչու Փաշինյանն այդչափ հապճեպորեն զրկեց հովվապետին անձնական պահպանությունից, պարզ դարձավ արդեն հաշված օրեր անց, երբ հանրության թափթփուկներից ու սրբապիղծներից բաղկացած այլազան խաժամուժը բողոքի ակցիաների անվան տակ սկսեց իսկական սատանայական կայթպար կազմակերպել Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հովվի դեմ: Հարձակումներ Վեհափառ Հայրապետի վրա և եկեղեցականների ծեծ, դիվական ֆլեշմոբեր, խորովածի խժռում Էջմիածնի նստավայրի զավթած տարածքում… «Ժողովրդական վարչապետը» հանգիստ հետևում էր այդ վհուկատոնին ու քմծիծաղում մորուքի տակ, ըմբոշխնելով վաղուց փայփայած երազանքի իրականացման հնարավորությունը. նվաստացնել և անարգել իր համար ատելի Հայ Եկեղեցին ու նրա գերագույն հոգևորականին։
Կաթողիկոսին պահպանությունից զրկելը խորհրդանշական գործողություն էր, որը կոչված էր հասկացնելու «հեղափոխության» գոլորշիները շնչելուց մթագնած ուղեղով նիկոլոզոմբիացված զանգվածներին, թե այսուհետ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանված չէ իրեն ատողների հարձակումներից։ Փաշինյանի բանդերլոգները զգացին անպատժելիությունը և խրախուսվելով իրենց հանումանի կողմից՝ նետվեցին մատնանշված «զոհի» վրա։
Վերադառնանք, սակայն, Փաշինյանի այն հայտնի արտահայտությանը, թե Կաթողիկոսը չպետք է վախենա իր հոտից։ Այն ժամանակ «ժողովրդական վարչապետը», ինչպես ասում են, թամբի վրա էր և կարող էր իրեն թույլ տալ նման ցինիզմ։ Հիմարացված ֆանատիկոսների պաշտամունքով պարուրված՝ նա ինքն էլ որոշ ժամանակ հռետորական իմաստով իսկապես կարող էր պարծենալ անձնական թիկնազորի անիմաստությամբ, այդ պատճառով էլ գոռոզամտորեն ծաղրում էր Կաթողիկոսին։
Բայց այդ ժամանակից ի վեր շա՜տ ջրեր են հոսել, ողողվել ու անէության գիրկն են անցել նիկոլական «սրբությունն» ու դեբիլացված ընտրազանգվածի պաշտամունքը։ Նրա խարիզմայի «ապառաժը» տարրալուծվել է, ողջ անողոք մերկությամբ ի ցույց դնելով պարանոիդային հիվանդության նոպաներով բռնված ողորմելի վախկոտի իրական էությունը։ Նախկին փառքից մնացել է միայն իր իսկ հորինած «ժողովրդական» մականունը, որը պալատական ծառայանին չգիտես ինչու համառորեն ու կուրորեն համարում է Փաշինյանի անձի «մասշտաբի» դեռևս արդիական բնորոշում։
Եվ հիմա արդեն ճիշտ ժամանակն է վերահասցեագրելու Վեհափառին ուղղված քինոտ խոսքերը այն ժամանակ վերջնականապես կապը կտրած դրանց հեղինակին։ Քո՝ «ժողովրդական վարչապետիդ» ինչի՞ն է պետք, մի հարցնող լինի, թիկնազորը։ Մի՞թե «ժողովրդական վարչապետն» այդքան վախենում է սեփական ժողովրդից։ Իսկ հիմա համարձակությունդ կհերիքի՞ թեկուզ խոհանոցից արտաքնոց գնալ՝ առանց եղծանելի մարմինդ, իսկ ավելի ճիշտ՝ ապականացու լեշդ պաշտպանող թիկնազորի ուղեկցության։
Այն, թե ինչպիսի ջանադրանքով ու ռեսուրսների մասշտաբայնությամբ է կազմակերպված այսօր Փաշինյանի պահպանությունը, ամենաիսկական խայտառակություն է։ Վարչապետ ընտրվելուց ի վեր Նիկոլին ու իր ընտանիքին կցված ՊՊԾ թիկնապահների հաստիքային թիվն աճել է բազմապատիկ: Մայրաքաղաքում նրա տեղաշարժի երթուղիները փակվում ու արգելափակվում են հարյուրավոր, իսկ հաճախ նաև մի քանի հազար ոստիկանների պահախմբերով։ Երթուղու երկայնքով առանցքային շինություններում դիպուկահարներ են տեղադրվում։ Որոշակի ժամանակից ի վեր վարչապետի ավտոշարասյանը սկսել են ուղեկցել արդեն կարմիր բերետավորներով լեփ-լեցուն ավտոբուսներ, իսկ նրա մեքենայի երկու կողմից ավտոմատավորներ են վազում: Նախագահական ավտոմեքենաների շարասյունը քաղաքի միջով սլանում է կատաղի արագությամբ, մահացու վրաերթի ենթարկելով հետիոտներին և ահաբեկելով քաղաքացիներին։ Թիկնապահները ավտոմատ զենքն ուղղում են մարդկանց վրա հենց մեքենաներից։
Հերթական նորամուծությունը դարձավ մայիսի 4-ին խորհրդարանի ամբիոնում վարչապետի անջրպետումը քաղաքական ընդդիմախոսներից։ ՊՊԾ-ի հաղթանդամ հսկիչները լարված հետևում էին, որպեսզի ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորները հանկարծ թույլատրելի հեռավորությունից ավելի չմոտենան պահպանվող օբյեկտին: Իսկ դրանից մեկ ժամ առաջ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները եռանդագին պրպտում էին ԱԺ շենքի յուրաքանչյուր քառակուսի մետրն ու նիստերի դահլիճը՝ պայթուցիկի փնտրտուքով, ասես հենց իրենց կառույցը չէ, որ իրականացնում է խորհրդարանի շուրջօրյա ուժեղացված հսկողությունը։
Լիակատար տպավորություն է, որ օրերս սաստիկ խայտառակված ՊՊԾ ղեկավար գեներալ Սարգիս Հովհաննիսյանը մտադիր չէ կանգ առնել ձեռք բերածի վրա, և շուտով գործի կդրվեն ավտոմատ թնդանոթներով զրահամեքենաներ, արբալետավորների հեծյալ ջոկատներ, գիշերային տեսասարքերով զինված ամազոնուհիների շարասյուներ և մարդասպանների գլխին ծրտելու վարժեցված երևանյան ագռավների երամներ։
Փաշինյանի վախերը փարատելու համար ձեռնարկվող միջոցները վաղուց հատել են խելամտության սահմանը։ Հիրավի ծիծաղելի է հետևել ողջ այդ խեղկատակությանը, քանզի աշխարհի նույնիսկ ամենախորշելի առաջնորդների պահպանությունը կազմակերպում են անհամեմատ ավելի զուսպ եռանդով կամ անում են դա ջանադրաբար, սակայն պրոֆեսիոնալ կերպով, հմտորեն սքողված, ոչ ակնբախ և առավելագույնս արդյունավետ՝ առանց գավառական ճոռոմության։ Նույնիսկ այն ղեկավարներին, որոնց, ի տարբերություն Փաշինյանի, իրոք մշտապես սպառնում է մահափորձի վտանգը, ընդունված չէ այդքան եռանդագին պատել թիկնապահների բազմությամբ, ինչպես պովիդլոն՝ ճանճերով։ Օրինակ, ինչ-որ մեկը նկատե՞լ է իրարանցում, հրմշտոց, ջոկատաշղթաներ, լուսաթարթ ազդանշաններ և բեդլամի մնացած բոլոր ատրիբուտները վերջերս Կիևի փողոցներում Ջոնսոնի հետ Զելենսկու զբոսանքի ժամանակ։ Կամ որևէ մեկը նկատե՞լ է, որ, ասենք, Իսրայելի վարչապետ Բենեթին Թել Ավիվում շրջելիս ուղեկցեն թվաքանակով ու կրակային հզորությամբ հրաձգային գումարտակի, իսկ հաճախ նաև գնդի հետ համեմատելի էշելոնացված պահախմբեր։
Որքան ավելի եռանդագին է Փաշինյանը թաքնվում թիկնազորի բազմության մեջ և պատվում զրահի շերտերով, այնքան ավելի է նա ընդգծում երկրի հասարակական-քաղաքական կյանքում իր ներկայության անոմալությունը: «Ժողովրդական վարչապետն» արդեն վաղուց կորցրել է ժողովրդականությունը և ցուցադրում է մերժված, սեփական ժողովրդից անջրպետված քաղաքական ու բարոյական ձախողակի բոլոր հատկանիշները։ Հենց այդպիսի ճակատագիր էր նա ժամանակին դիվական քինոտությամբ կանխատեսում Գարեգին Կաթողիկոսին, սակայն հենց ինքը դարձավ իր զազրելի դավերի զոհը։
Այժմ Նորին Սրբությունն իսկապես թիկնապահների կարիք չունի, նրա թիկնազորը հավատացյալ հոտն է, մինչդեռ բախտի քմահաճույքով իշխանության գագաթին ժամանակավորապես հայտնված ողորմելի ստախոսն ու բանսարկուն խաբված ժողովրդի հանդեպ իր կենդանական վախերին տուրք է տալիս գնալով ավելի արտառոց ու անհեթեթ պահպանական միջոցներով: