Անկախ փաստաբանները ստեղծել են ոստիկանների քայլերը կանխող աշխատանքային խումբ

Անկախ փաստաբանները ստեղծել են ոստիկանների քայլերը կանխող աշխատանքային խումբ։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Ոստիկանության որոշ ծառայողներ ակնհայտ ապօրինի ֆիզիկական ուժ են գործադրում (երբեմն էլ առանձնակի դաժանությամբ) խաղաղ բողոքի ակցիաներին մասնակցող և նույնիսկ չմասնակցող քաղաքացիների նկատմամբ։ Ընդ որում, վայրագության և ապօրինության թիրախում են հայտնվում նաև փաստաբանները և լրագրողները։ Այս վայրագությունները կանխելու նպատակով անկախ փաստաբաններով ստեղծել ենք ոստիկանների վայրագությունները կանխող աշխատախումբ»,–գրել է Զոհրաբյանը։

Նա նշել է, որ աշխատախումբը հավաքելու է ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման (վայրագությունների, ապօրինությունների) մասին տեղեկությունները և դրանց համապատասխան իրավական ընթացք է տալու։

Զոհրաբյանը կոչ է արել փաստաբաններին միանալ իրենց, իսկ ոստիկանների վայրագությունների և ապօրինությունների մասին տեղեկություն պարունակող նյութերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։

Զոհրաբյանը հավելել է, որ ոստիկանների վարքագծի անմիջական պատասխանատուն ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։