Սաղաթելյան․ Իշխանության հեռացման գործընթացը պետք է ընդգրկի Հայաստանի ողջ տարածքը

Իշխանության հեռացման գործընթացը պետք է ընդգրկի Հայաստանի ողջ տարածքը։ Այս մասին Վանաձորում Դիմադրություն շարժման հանրահավաքի ժամանակ ասաց շարժման համակարգող, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Դուք ունեք ընտրված քաղաքապետ։ Միայն այն պատճառով, որ Մամիկոն Ասլանյանը չխոնարհվեց այս իշխանությունների առաջ, այսօր նա բանտում է, իսկ այս քաղաքը մնաց առանց հսկողության։ Քաղաքապետարանի ամբողջ աշխատանքը հիմնականում կաթվածահար է»,-նշեց Սաղաթելյանը։

«Այս գործընթացը պետք է ընդգրկի Հայաստանի ողջ տարածքը։ Մենք այսօր այստեղ ենք այս նպատակով: Վանաձորն էլ պետք է ոտքի կանգնի, Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղերն ու քաղաքները ոտքի կանգնեն։ Պետք է ոտքի կանգնենք, որպեսզի կարողանանք նրանց հեռացնել ու երկիրը դուրս բերել այս վիճակից։ Մենք ուղղակի այլ ճանապարհ չունենք։ Եթե ​​շարունակեն մնալ իշխանության, մենք կկորցնենք ամեն ինչ՝ կկորցնենք Արցախը, հետո Սյունիքը, հետո կմտածենք Գեղարքունիքի մասին։ Այսօր հայ ժողովրդի խնդիրն է ինքնակազմակերպվել, համախմբվել, ոտքի կանգնել ու հեռանցել նրան։ Մենք կարող ենք դա անել»,-շեշտեց քաղաքական գործիչը, տեղեկացնում է News.am։