Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՄԵՆՔ ԴԵՌ ՇԱՏ ԵՐԿԱՐ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԼԻՆԻ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՀԵՏ ԲԵՐԵԼ

Մենք դեռ շատ երկար պետք է աշխատենք, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ բան հետ բերել։ Դրա համար կարող է անգամ դարեր պահանջվեն, որովհետև այս կարգի կորուստները երկու-երեք տարում հետ չեն բերվում։ Ընդ որում՝ որևէ երաշխիք չկա, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի, բայց եթե ուզում ենք ապրել, պարզապես այլ տարբերակ չունենք, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչքան ժամանակ պետք կգա հայկական կողմին՝ Մայիսյան եռատոնը հետ բերելու համար։

«Այսօր ՀՀ օկուպացիոն իշխանության քայլերի պատճառով վտանգված է անգամ Հայաստանի գոյությունը, հայերի ներկայությունն այս տարածաշրջանում։ Ըստ այդմ՝ առաջին խնդիրը, որ պետք է լուծենք՝ անկախ ամեն ինչից, անվտանգության խնդիրն է այլ տարբերակ ուղղակի չունենք։

Մեզ փորձում են համոզել, որ եթե հրաժարվենք բանակից, ձեռքներս ծալած նստենք, մեզ հանգիստ կթողնեն։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ. քանի դեռ մեր տիրապետության տակ ինչ-որ ռեսուրս կա, մեզ ոչ ոք հանգիստ չի թողնելու։ Մեր թշնամին գործում է այս սկզբունքով, և մեզ ընդամենը հանգստացնում են, որպեսզի հնարավորինս հեշտ և արագ մեր ունեցածը խլեն մեզնից»,- ասաց ռազմական փորձագետը։

Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ խլողի դերակատարությունն այժմ ստանձնել են ՀՀ վարչապետը և նրա թիմակիցները։

«Այսինքն՝ այն գործը, որ թուրքերը պետք է դժվարությամբ անեին՝ մեզ խաբելով և համոզելով, հիմա մեծ խանդավառությամբ անում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց քանի դեռ ողջ ենք, պետք է պաքարենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Aysor.am