ԲԱՔՈՒՆ ԾԱՂՐՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ»

Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արցախի կարգավիճակի որոշման հարցում «նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին, շատերը չգիտես ինչու կարծում են, թե խոսքն այն մասին է, որ Հայաստանի վարչապետը պատրաստ է համաձայնել Արցախի ինքնավար կարգավիճակին Ադրբեջանի կազմում՝ բնակչության անվտանգության միջազգային երաշխիքների պայմանով։

ՄԻՆՉԴԵՌ ՆԻԿՈԼը ՄՏԱԾՈՒՄ Է ԲՆԱՎ ՈՉ ԱՅԴ ՄԱՍԻՆ։ Ավելի ճիշտ, բացարձակապես կարևոր չէ, թե ինչ է մտածում Նիկոլը։ Քանզի այն, ինչ մտածում է նա, չի հետաքրքրում բացարձակապես ոչ մեկին։ Իրականում «նշաձողի իջեցման» թեզը նշանակում է միայն մեկ բան. համաձայնում Ադրբեջանի մոտեցումներին։ Իսկ Ադրբեջանի մոտեցումները հայտնի են. չկա այդպիսի խնդիր՝ «Լեռնային Ղարաբաղի», և Հայաստանն իրավունք չունի քիթը խոթել Ադրբեջանի գործերի մեջ ու արհեստականորեն խնդիրներ ստեղծել այնտեղ, որտեղ դրանք չկան...

Արմեն Գրիգորյանի հետ կապված պատմությունը առավել քան հստակեցրեց ամեն ինչ։ Ինչպես հայտնի է, Անվտանգության խորհրդի մեր վայ-քարտուղարը վերջերս Բրյուսելում հանդիպում-բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևի հետ։ Իսկ քանի որ իշխանությունը բավական վախեցած է Նիկոլի հրաժարականի պահանջով Երևանում հակակառավարական ելույթների քանակից ու որակից, վերջինս հանձնարարել էր Գրիգորյանին ներկայացնել այդ բանակցությունները «կառուցողական» լույսի ներքո. ահա, իբր, թե ինչպես է իշխանությունը պաշտպանում Հայաստանի շահերը... Գրիգորյանը պատրաստակամորեն կատարեց հրահանգն ու Հանրային հեռուստատեսության եթերում պատմեց այն մասին, թե ինչպես է Երևանը, ի պատասխան, Բաքվի «5 կետերի», ներկայացրել արցախցիների իրավունքների և անվտանգության հարցերին վերաբերող իր «6 կետերը», և Բաքուն այդ կետերին չի առարկել

Շշպռանքը Բաքվից ստացվեց շատ արագ։ Մեղադրելով Գրիգորյանին Հաջիևի հետ փակ բանակցությունների ընթացքը միտումնավոր խեղաթյուրելու մեջ, Ադրբեջանի իշխանամետ մամուլը տեղեկացրեց, որ Գրիգորյանի հետ բանակցություններում Հաջիևը քննարկել է միայն Բաքվի «5 կետերը» և որ «Երևանի 6 կետերը» հենց Բաքվի նույն մոտեցումներն են՝ հայկական շարադրանքով, համաձայն որոնց՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի իրավունքների մասին Գրիգորյանի հայտարարություններին, որոնք իբր քննարկվել են Հաջիևի հետ, ապա Բաքվից հասկացնել տվեցին, որ «ռուս խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածաշրջանի» հարցն ընդհանրապես չի քննարկվել, քանի որ դա «բացառապես Ադրբեջանի ներքին գործն է»: Եվ որ Հաջիևի հետ Գրիգորյանի միակ կոնկրետ պայմանավորվածությունն այն է, որ Երևանը համաձայնություն է տվել, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հայաստանի տարածքում անցկացնի տեսչական ստուգում, որը պետք է պարզի, թե ինչ վիճակում են «ադրբեջանական մշակութային ժառանգության» հուշարձանները հանրապետության տարածքում…

Ավելին, Երևանի «6 կետերը» պաշտոնապես արդեն ծաղրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը, հայտարարելով, որ «6 կետերը» ոչ մի կերպ չի կարելի անվանել «առաջարկներ», դա պարզապես հայկական կողմի արձագանքն է Բաքվի առաջարկներին։

Որպես փաստարկ՝ Բայրամովը «գաղտնազերծել » է Փաշինյանի կառավարության 6 «առաջարկներից» երկուսը։ Ըստ Բայրամովի, դրանցից մեկում պաշտոնական Երևանը նշում է, որ փետրվարի 21-ով թվագրված Բաքվի առաջարկները Երևանը ստացել է մարտի սկզբին... Այդ կետ-«առաջարկի» հարցով Բայրամովը Երևանին խորհուրդ է տվել դիմել միջնորդներին, որոնց միջոցով Բաքուն փոխանցել է իր առաջարկները:

Երեվանի մեկ այլ «առաջարկում», Բայրամովի հավաստմամբ, խոսվում է միայն այն մասին, որ Հայաստանը տարածքային ոչ մի դժգոհություն չունի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ դեռևս 1992 թվականին երկու երկրները, լինելով ԱՊՀ անդամներ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը…

Ինչպես տեսնում ենք, Բաքվից հերթական անգամ ցեխն են թաթախել Փաշինյանի կառավարությանը, իսկ ավելի ուշ կուպրի իր բաժինն ավելացրեց նաև Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ընթացքում վերջինիս «կվերադարձվեն Ղազախի շրջանի յոթ գյուղերն ու Նախիջևանի ինքնավար մարզի Քյարքի գյուղը»:

«Այդ հողերն Ադրբեջանի տարածքներ են: Այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողությանը պահանջում է սահմանազատման գործընթաց, ուստի հարցը կքննարկվի հենց այդ համատեքստում։ Այդ տարածքների անցումը Ադրբեջանի կազմ կքննարկվի և կգտնի իր լուծումը»,- հավելել է Խալաֆովը։

Խալաֆովի կտրական հայտարարություններն ամենայն հավանականությամբ վկայում են այն մասին, որ Փաշինյանի նախնական համաձայնությունն արդեն տրված է։