ՀՀ–ում հանրային վայրեր այցելելիս QR կոդ այլևս չի պահանջվի

Հայաստանի հանրային վայրեր այցելելիս մայիսի 12-ից այլևս չի պահանջվի QR կոդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ փետրվարի 10–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունն առաջիկայում չի՞ պատրաստվում չեղարկել QR կոդով կամ թեստի պատասխան ներկայացնելով ժամանցի վայրեր այցելելու կարգը, հայտնել էր, որ սահմանափակումը կհանվի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։