Ալվինա ԱՂԱԲԱԲՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-ԻՑ ԶՐՈ ԱՐՁԱԳԱՆՔ, ԻՆՉԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ԱՍՎԱԾԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է.

«Երեկ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները Բրյուսելում համաձայնել են սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ որի՝ նախատեսվում է այսպես կոչված «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին (Տավուշի մարզի որոշ շրջաններ և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը)։

Անցել է մեկ օր։

ՀՀ արտգործնախարարությունից զրո արձագանք, զրո հերքում, ինչը նշանակում է՝ ասվածը ճշմարտություն է։

Մինչդեռ հիշյալ շրջանների հանձնումն Անդրբեջանին ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ԵՎ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ.

▪️Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների մի քանի հատվածներ անցնելու են թշնամուն դրանից բխող բոլոր հետևանքներով (ճիշտ այնպես, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի պարագայում),

▪️հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը, և հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ են առաջ գալու (ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում),

▪️ուղիղ հարվածի տակ է դրվելու Երասխը, որի ռազմակալումն Ադրբեջանի կողմից ընդամենը ժամանակի հարց կդառնա, և թշնամու համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի Արարատյան դաշտ ու Երևան,

▪️տասնյակ գյուղեր կհայտնվեն թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչն իր հերթին կբերի այդ գյուղերի աստիճանական և ամբողջական հայաթափմանն ու կորստին։

1-ին նկարում Տիգրանաշեն գյուղն է և Թեժքար լեռը (1735մ), իսկ 2-րդ նկարում Թեժքարից բացվող տեսարանն է՝ ասես ափի մեջ փռված Արարատյան դաշտավայրը, որը կհայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ՝ գյուղն ու լեռը Ադրբեջանին հանձնելու պարագայում...»։

Panorama.am