ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ

Սուտ, որը բացահայտվեց 9 օր անց

2021թ. ապրիլի 21-ին Փաշինյանը մեկնեց Սյունիք, որտեղ նրան դիմավորեցին «դավաճա՛ն, կապիտուլյա՛նտ» գոչյուններով։ «Սյունյաց ողջույնից» հետո սաստկացավ Գորիսի, Մեղրիի, Քաջարանի, Սիսիանի քաղաքապետների հետապնդումը։ Այդ հալածանքը անդրադարձավ նաև Քարահունջ և Որոտան վարչական միավորների ղեկավարների վրա։ Մայիսի 12-ին սկսվեց Սյունիքի և Գեղարքունիքի բռնազավթումը։

Մայիսի 3-ին, ԱԺ ամբիոնից պատասխանելով Վարդենիսի շուրջ պաշտպանական դիրքեր կառուցելու մասին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, Փաշինյանը ինքնավստահ քմծիծաղով հայտնեց, թե աշխատանքներ ընթանում են, իսկ անձամբ ինքը գոհ է, որ պատգամավորը չի նկատել դրանք: Դա այն դեպքն էր, երբ սուտը թարմ հետքերով բացահայտվեց միանգամից՝ 9 օր անց։ 2021թ.մայիսի 12-ին 250 զինված ադրբեջանցիներ վերահսկողության տակ վերցրեցին Իշխանասարի բարձունքը՝ Սև լճի շրջակայքում։ Այն ժամանակ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը տեղնուտեղը հայտարարեց, թե ադրբեջանցիները մոլորվել են։ Նա պնդում էր այդ վարկածը նույնիսկ այն բանից հետո, երբ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ խոսքը, հավանաբար, դիվերսիայի մասին է։

Մայիսի 17-ին հայտնի դարձավ, որ ռուս զինծառայողների մասնակցությամբ բանակցությունների արդյունքում որոշվել է Սև լճի մերձակայքում ստեղծել 4 դիրք՝ յուրաքանչյուրում 60-ական զինծառայողով։ 4 դիրքերից 2-ը զբաղեցրեցին ադրբեջանցիները։ Մայիսի 27-ին տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ, նույն օրը հրաժարական տվեց արտգործնախարար Արա Այվազյանը: Երբ Գեղարքունիքի մարզում զավթիչները գերի վերցրին 6 զինծառայողների, Փաշինյանը շքախմբով մեկնեց Կութ համայնք և առաջարկեց բնակիչներին «չտրվել հույզերին»։ Ադրբեջանցիների դիրքերն առ այսօր գտնվում են Կութ համայնքի դպրոցից 20-30 կմ հեռավորության վրա։ Դե, ի՜նչ հույզեր կարող են լինել այստեղ։

«Նա, ով հայ զինվորներին արգելել է կրակել, դավաճա՛ն է»

Բռնազավթումից անմիջապես հետո, երբ ադրբեջանցիները սկսեցին խորանալ դեպի Վերին Շորժա, ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու աննպատակահարմարության մասին, սակայն ռեժիմի պարագլուխը շարունակեց նախընտրական քարոզարշավը:

Փաշինյանը քարոզչություն էր վարում հենց այն ժամանակ, երբ զավթիչները շարունակում էին չափչփել տարածքն իրենց GPS-ներով: Զավթիչները հասան Ներքին Խնձորեսկ, որտեղ համայնքի բնակչությունը հանձնեց պաշտպանական դիրքերն ու արոտավայրերը։ Անմիջապես արգելեցին բռնազավթված տարածքներ մեկնել լրագրողներին և ընդդիմության պատգամավորներին, ռեժիմը երկար ժամանակ թաքցնում էր, որ ադրբեջանցիները շինարարական աշխատանքներ են տանում դիրքերում, ընդ որում կառուցում են ոչ միայն զորանոցներ, այլև ճանապարհներ:

Երբ տեղեկություններն արտահոսեցին ԶԼՄ-ներ, ակնհայտ դարձավ, որ այդ ուղիները կառուցվում են ռազմական տեխնիկա բերելու համար։ Ռեժիմին ծառայող ուսադիրավոր մարդիկ պնդում էին, թե ադրբեջանական դիրքեր է բերվում միայն թեթև ռազմական տեխնիկա։ Մայիսի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը սկանդալային ռեպորտաժ ցուցադրեց իբր ադրբեջանական անկլավների մասին։ Այն ժամանակ դեռևս Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես եկավ դատապարտումով։

Գեղարքունիքի մարզում հունիսի 2-ին երկու հայ զինծառայող վիրավորվեց, հայկական դիրքերից տեղեկություններ էին ստացվում, որ զինվորներին արգելված է զենք կիրառել ադրբեջանցիների նկատմամբ: Բոլորովին վերջերս, պատասխանելով այդ առնչությամբ տրված պատգամավորական հարցին, Փաշինյանն արտաբերեց մի արտահայտություն, որը կարելի է որակել միայն որպես խոստովանական ցուցմունք։ Նա ասաց. «Նա, ով հայ զինվորներին արգելել է կրակել, դավաճա՛ն է»։ Դիրքերից երկար ժամանակ տեղեկություններ էին ստացվում ադրբեջանցիների հետ հայ զինվորների ընդհարումների մասին։ Ինչո՞ւ այդ հայտարարությունից հետո Փաշինյանը մատը մատին չտվեց, որպեսզի ժողովրդին ներկայացնի հանցագործ հրաման տված դավաճանին։

Դիրքային պատերազմի ընթացքում գործարկվել է ծանր ռազմական տեխնիկա

Միայն նոյեմբերի 15-ին Փաշինյանն առաջին անգամ հրապարակավ խոստովանեց, որ ադրբեջանցիները ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք և 2 կիլոմետրով մոտեցել Սիսիանին։

Այդ օրը կրկին ձերբակալվեց Սիսիանի քաղաքապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը: Նույն օրը կապիտուլյանտն աշխատանքից ազատեց Արշակ Կարապետյանին՝ Արցախ այցելելու համար։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13-ի սահմաններում սկսվեց հենց այն «դիրքային պատերազմը», որն ակնհայտորեն ցույց տվեց, որ ադրբեջանական դիրքերում տեղակայված է ոչ միայն թեթև, այլև ծանր ռազմական տեխնիկա։

Ինչպես այդ օրերին հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, դիրքային պատերազմի ժամանակ օգտագործվել են ծանր ռազմական տեխնիկայի բոլոր տեսակները, բացի օդուժից։ Հայկական կողմից եղել է ավելի քան մեկ տասնյակ զոհ։ Ցուցանշական է, որ նոյեմբերի 16-ի դեպքերից հետո Անկարան հայտարարեց Բաքվին օգնության հասնելու պատրաստակամության մասին։ Մինչ հայ զինվորները զոհվում էին դիրքերում, խորհրդարանական մեծամասնությունը քննարկում էր «Կենդանական աշխարհի մասին» օրենքի փոփոխությունները։ Հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցները դադարել են միայն երեկոյան՝ մոտավորապես 18:30-ին:

Ի դեպ, դիրքային պատերազմին նախորդել Էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե Գորիս-Կապան և Գորիս-Ճակատեն ճանապարհահատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Արման Թաթոյանը կրկին վրդովվեց. ինչպե՞ս կարելի է դատել այս կամ այն տարածքի պատկանելության մասին՝ շրջանցելով սահմանագծումն ու սահմանազատումը։ Սկզբում Փաշինյանը հպարտանում էր նրանով, որ զավթիչները չեն կրակում, հետո լռեց, քանզի լրատվամիջոցներն ամեն օր արձանագրում էին զավթիչների խորացումը երկրի տարածքում։ Սողացող բռնազավթումը շարունակվում է նաև այս օրերին, ադրբեջանցիները նորից կրակել են Սոթքի ուղղությամբ…

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը բաց տեքստով հայտարարեց, որ զավթիչները ներխուժել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր՝ առանց հայկական կողմից արձակված գեթ մեկ կրակոցի: Այսօր շատերը վստահ են, որ 2020-ի 44-օրյա պայմանավորված պատերազմին հաջորդել է պայմանավորված բռնազավթումը, որը շարունակվում է արդեն մեկ տարի, և ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի։ Փոխարենը՝ բոլորին հայտնի է, որ ադրբեջանցիները չեն լքի դիրքերը նույնիսկ սահմանազատումից և սահմանագծումից հետո։ Չէ՞ որ կապիտուլյանտն ասել է, որ հպարտանում է 44-օրյա պատերազմում կրած պարտությամբ, ուրեմն ինչո՞ւ չհպարտանա նաև ինքնիշխան Հայաստանի տարածքի բռնազավթմամբ։ Նա անձամբ է նշել սկզբում 41 քառ. կմ, իսկ հետո 45 քառ. կմ թիվը: ՊՆ-ն մինչ օրս հերքում է այն փաստը, որ զավթիչներն այս տարի առաջ են շարժվել Ներքին Հանդի (Սյունիք) ուղղությամբ, այդ ժխտողականությունը հանգեցրեց նրան, որ հայ զինվորականը մոլորվել ու գերի էր ընկել ադրբեջանցիներին:

Ամեն օր տագնապալի լուրեր են գալիս Տավուշից, խոսքը Ոսկեպարի մոտ նոր ճանապարհի կառուցման մասին է։ Դա նշանակում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհը հանձնելուց հետո հերթը հասել է Տավուշի սահմանամերձ տարածքներին։ Եթե Սյունիքում կար այլընտրանքային ճանապարհ, որը նորոգման կարիք ուներ, ապա Տավուշում «վիճելի» հատվածներում ճանապարհը պետք է կառուցվի զրոյից։ Հիշեցնեմ, որ Վաղարշակ Հարությունյանը երկար ժամանակ չէր պատասխանում ԶԼՄ-ների այն հարցին, թե ում ստորագրությունն է դրված Գորիս–Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն հատվածից հայկական զինուժի դուրսբերման և այդ տարածքները ադրբեջանցիներին հանձնելու փաստաթղթի տակ...