Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 299-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՓԱՍՏԱՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆ Է
«Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, մարդասպան»․ սրանք քաղաքական հայտարարություններ չեն, այլ ապացուցված փաստ։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով փաստարկված պետական դավաճան է, Ֆրանսայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նա ընդգծեց՝ սա ասում է որպես իրավաբան, և ոչ մի այլ պրոֆեսիոնալ իրավաբան չի վիճարկի այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է՝ Քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ արարքով։
«Երկրորդը․ նրա վերջին խոստովանությունը, որն արեց ԱԺ-ում, որ կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն արդյունքը՝ արդեն առանց զոհերի, ուղիղ վկայությունն է այն բանի, որ 44-օրյա պատերազմը պլանավորված, ծրագավորված, նպատակադրված և լավ մշակված պատերազմ էր, իսկ զոհերն անհրաժեշտ էին իշխանությունը պահելու համար»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Սա ևս, նրա խոսքով, հետագայում քրեական գործի շրջանակում կապացուցվի, բոլորը կլինեն դրա ականատեսը։
«Նիկոլը մի տեղ ունի գնալու՝ քրեակատարողական հիմնարկ, որովհետև հանցագործների տեղը բանտում է։ Նրա ճակատին հավիտենական դաջված է «պետական դավաճան» և «մարդասպան» պիտակը, որից ինքն ու իր սերունդներն ամբողջ կյանքի ընթացքում չեն ազատվելու»,- ընդգծեց Արթուր Ղազինյանը։