Փաշինյանը կհարցաքննվի. դատախազությունը բավարարել է տուժողների միջնորդությունը

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն այսօր հարցաքննվել են հարուցված քրգործի շրջանակում։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ զոհվածների ծնողների միջնորդությունը բավարարվել է, ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կանչեն հարցաքննության։

«Իսկ թե երբ կլինի հարցաքննությունը, պարզ չէ, քանի որ քննիչն ինքն է որոշում գործողությունների հերթականությունը։ Դատախազի կողմից տուժողի իրավահաջորդ է ճանաչվել 27 անձ, ևս 15-ի վերաբերյալ մենք ենք միջնորդություն ներկայացրել»,–ասաց փաստաբանը։

Զոհվածներից մեկի հայրը նշեց, որ հարցաքննության ժամանակ ներկայացրել է իր պահանջը, այն է` Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել և կանչել հարցաքննության։

Զոհված տղաներից Մխիթար Գալեյանի հայրն էլ` Գարիկ Գալեյանը, նույնպես պահանջել է հարցաքննության կանչել Փաշինյանին և անմիջապես ձերբակալել։

«Քննիչին ասացի, որ արդար քննություն ենք ուզում, ինչպես նաև պահանջում ենք կալանավորել Փաշինյանին, քանի որ մենք` զոհվածների ծնողներս, չենք ուզում մեր ձեռքերն արյունոտել»,–ասաց նա։

Փաստաբանը հավելեց, որ ծնողների հետ կխորհրդակցեն և օրվա երկրորդ կեսին առավել կտրուկ ու ագրեսիվ միջնորդություն կունենան Փաշինյանի նկատմամբ դատաիրավական գործողություններ սկսելու համար։

Ծնողների հետ հարցաքննություններն այս պահին շարունակվում են, տեղեկացնում է Sputnik Արմենիա։