Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ. ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԱՆԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՔԱՅԼԵՐ, ՈՐՈՆՔ ԿՀԱՆԳԵՑՆԵՆ ԱՅՍ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՐՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շատերը մեզանից ակնկալում են այնպիսի գործողություններ, որոնք կբերեն շարժման արագ մարմանը։ Այս մասին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում։


«Օրինակ, եթե մենք գնանք ու գրավենք կառավարության կամ ԱԺ շենքը, ի՞նչ է դա մեզ տալու։ Դա իշխանությանը կտա հնարավարություն ձերբակալել շարժման առաջոնրդներին, բազմաթիվ քաղաքացիների ու կասեցնել շարժումը։ Մենք իրավունք չունենք դա թույլ տալ»,-ասել է Վանեցյանը։

Միաժամանակ նա նշել է, երբ հասկանան՝ հասել է կրիտիկական պահը, որ պետք է դիմել այդ քայլին, կդիմեն։

«Մենք ոչ թե վախենում ենք, հապաղում ենք կամ քաշվում ենք, այլ հասկանում ենք, որ պետք է փորձել անել ամեն ինչ, որ այս գործընթացը տեղավորվի օրենքի շրջանակում»,-ասել է նա՝ ավելացնելով, որ շարժումն ունի հստակ ծրագիր, իրենք շարժվում են դրանով։

Պայքարի արդյունքում, ըստ նրա, երկրում իրավիճակ է փոխվել, ժողովրդի մոտ առկա է 100 տոկոսանոց համաձայնություն, որ այս իշխանությունները պետք է գնան։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականից հետո ձևավորվելիք կառավարության կազմին, վարչապետի թեկնածուի ով լինելու մասին հարցին, Վանեցյանը պատասխանել է, որ պետք է լինեն մոտ 250 պրոֆեսիոնալներ, իրենց ոլորտի գիտակներ, որ կարողանան այս երկիրը ոտքի հանել։

«Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց՝ վարչապետ չի կարող լինել այն մարդը, ով նախկինում զբաղեցրել է պետական պաշտոն, պաշտոնի հաշվին հարստացել է, հասարակության մեջ ունի ոչ լավ համբավ և այլն։ Թե ով կլինի վարչապետ, հավատացեք, այս պահին էլի ծուղակ է, որը լարվում է իշխանությունների կողմից։ Մենք ասել ենք, որ այս շարժումը չունի առաջնորդներ, այս շարժումը համաժողովրդական, համազգային շարժում է և մենք շարժվելու ենք այդ տրամաբանությամբ։ Ժամանակի հարց է, առաջիկա օրերին ամեն ինչի մասին կխոսենք։ Կարող եմ ասել միայն մի բան, որ այսօր հրապարակում գտնվող ընդդիմությունն ունի կադրային լրջագույն բազա, և յուրաքանչյուր պաշտոնի համար կարող ենք առաջադրել առնվազն 3-4 թեկնածու»,-ասել է Արթուր Վանեցյանը։

Դիտարկմանը, թե նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը կարող է լինել ընդդիմության վարչապետի թեկնածուն, Արթուր Վանեցյանն ասել է.

«Գնդակն Արման Թաթոյանի դաշտում է։ Այդ առաջարկը օդում կա, մեր կողմից չի արված, բայց ով կլինի այն մարդը, որը կլինի առաջնորդը և հետագայում կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որոշվելու է այս հրապարակում։ Ասեմ նաև, որ այս հրապարակում կան մարդիկ, որ իմ համար անընդունելի են, իրենց այստեղ գտնվելը ես համարում եմ հարված շարժմանը, անուններ չեմ հնչեցնելու։ Բայց մենք չենք կարող ասել, թե դուք գնացեք այստեղից։ Եթե սա լիներ «Հայրենիք» կուսակցության կամ «Պատիվ ունեմ», «Հայաստան» խմբակցությունների միջոցառումը, մենք կկարողանայինք ասել՝ սա մեր միջոցառումն է, գնացեք այստեղից։ Բայց սա համազգային շարժում է»:

Նա նշել է, որ որոշ չափով պատասխանատու են հարթակից հնչող ելույթների համար։

Panorama.am