ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԻ

Առանց պաշտպանության կողմին պատշաճ ծանուցելու անձին կալանավորելու որոշում կայացնելու համար Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, մերժեց Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։

Որոշումը ստորագրել են Գագիկ Ջհանգիրյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը, Ստեփան Մելիքյանը, Վիգեն Քոչարյանը ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը և Անի Մխիթարյանը հատուկ կարծիք են ներկայացրել՝ պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է ԱԺ պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի պաշտպանների հաղորդման հիման վրա։ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, դատավորն անգամ չէր ծանուցել պաշտպանության կողմին և կալանավորման որոշում կայացրել՝ առանց մեղադրյալին և պաշտպաններին լսելու, իսկ այն բանից հետո, երբ ՍԴ-ն արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ, Սարգսյանն ազատ էր արձակվել։

Արթուր Սարգսյանի փաստաբանները դեռևս նոյեմբեր ամսին՝ դատավոր Դանիելյանի կայացրած որոշումից անմիջապես հետո հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու համար, ինչպես նաև՝ դիմել են ՀՀ արդարադատության նախարարությանը և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պահանջելով հարուցել կարգապահական վարույթ։ Վերջինս հարուցել էր վարույթ ու պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրել ԲԴԽ, որը սակայն հրաժարվել է պատասխանատվության ենթարկել իշխանության սրտի դատավորին։

Իզաբել Սահակյան, «Փաստինֆո»