Դուշանբեում քննարկվել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախապատրաստումը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախապատրաստումը։ Այս մասին ասվում է Դուշանբեում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Վերահաստատել են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու հանձնառությունը։
Նշվել է առաջընթացը առանցքային ոլորտներում եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը՝ Եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ, ինչպես նաև ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացը Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ գործարկելու ջանքերը՝ կողմերի խնդրանքով։
Քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախապատրաստման թեմատիկան, որին ռուսական կողմը նույնպես պատրաստ է ամեն կերպ նպաստել։
Նախարարները արտահայտվել են հօգուտ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հասարակությունների ներկայացուցիչների միջև երկխոսության շարունակմանը», տեղեկացնում է News.am-ը։