ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ գումարելու առաջարկով դիմել է Ազգային ժողովին
ՀՀ կառավարության առաջարկով մայիսի 19-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի։ Խորհրդարանին այս առաջակով դիմելու որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Հիմնական նպատակը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելն է։
Ըստ կառավարության` օրենքի կիրարկման նախնական փուլում արձանագրվել են որոշ գործնական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ապօրինի գույքի բռնագանձումը։
Գործադիր մարմինն առաջարկում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակը։ Մեկ այլ առաջարկով էլ նախատեսվում է ավելացնել ուսումնասիրության համար օրենքով նախատեսված ժամկետը` 2-ից դարձնելով 3 տարի` հաշվի առնելով աշխատանքի բարդությունը։
Կառավարությունը հայտնում է, որ 2020 թվականի հոկտեմբերին իրավասու մարմինը նախաձեռնել է 214 ուսումնասիրություն, որոնց ավարտման ժամանակահատվածը մեծամասամբ պետք է լինի 2022 թվականի հոկտեմբերը։