Աղվան Հովսեփյանը պահանջում է վերադարձնել նկարների հավաքածուն

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նախաքննական մարմնից պահանջում է վերադարձնել նախաքննության ընթացքում իրենից առգրաված նկարների հավաքածուն կամ ներկայացնել դրանց փորձաքննության եզրակացությունը։ Նախկին պաշտոնյան այս մասին հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստում։

«Ես տանն ունեմ նկարների հավաքածու։ Այդ նկարների հավաքածուն իմ բնակարանից առգրավել են։ Նշանակվել է փորձաքննություն։ Որոշմանը ինձ ծանոթացրել են` փորձաքննություն նշանակելու։ Ո՞ւր է այդ փորձաքննության եզրակացությունը, ո՞ւր են նկարների առգրավման հետ կապված փաստաթղթերը։ Միգուցե մենք դատարանում պետք է քննարկենք այդ նկարները վերադարձնելու հարցը։ Ես հիմնավորեմ, որ դրանք օրինական ճանապարհով են ձեռք բերված»,– ասաց Հովսեփյանը։

Նախկին դատախազը նաև հայտարարեց, որ հավաքածուի առգրավման ու փորձաքննության փաստաթղթերից բացի, քրեական գործից բազմաթիվ այլ փաստաթղթեր էլ են բացակայում։

«Բազում մարդկանց կանչել, հարցաքննել են, էդ մարդիկ ցուցմունք են տվել Աղվան Հովսեփյանի օգտին։ Քրեական գործում այդ նյութերը չկան»,– ասաց Հովսեփյանը` նշելով, որ քրեական գործի բազմաթիվ նյութեր նախաքննական մարմինն ուղղակի թաքցրել է, քանի որ քննությունն իրականացվել է ոչ թե ինչ–որ դեպքերի բացահայտման, այլ բացառապես իր անձի դեմ ինչ–որ ապացույցներ ձեռք բերելու համար։

Նախկին դատախազի պաշտպանները ևս հայտարարեցին, որ քրեական գործի` իրենց տրամադրված տարբերակում հարյուրավոր թղթեր են բացակայում։ Ուստի դատարանին միջնորդություն ներկայացրին իրենց տրամադրել քրեական գործի նյութերի ամբողջ ծավալը, որպեսզի ապահովվի ամբողջական ու բազմակողմանի պաշտպանություն։

Մեղադրող դատախազը հիշեցրեց, որ քրեական գործից այս պահին դատարան է ներկայացվել միայն դրանից անջատված մասը, հետևաբար նախաքննական մարմինը հիշատակված բացակայող ապացույցները համարել է քննվող այլ հանցադեպին վերաբերող և չի ընդգրկել այս գործի նյութերում։

Միջնորդություններից հետո դատական նիստը հետաձգվեց, քանի որ ժամը 15։30-ին Աղվան Հովսեփյանը պետք է բժշկական հետազոտություն անցներ։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 24–ին` ժամը 11։30-ին, տեղեկացնում է News.am։