Արմեն Աշոտյանին և Նաիրա Զոհրաբյանին բերման են ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Տերյան–Իսահակյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիա իրականացնող անձանցից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին, այդ թվում`«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

Նաիրա Զոհրաբյանը մինչ այդ բարձրախոսով ոստիկաններին ասում էր, որ չի վախենում բերման ենթարկվելուց, ինչից հետո նրան տարան դեպի ոստիկանական մեքենա։

«Ինձ և Արմեն Աշոտյանին բերման ենթարկեցին։ Հիմա ինձ տանում են Մաշտոցի ոստիկանական բաժանմունք։ Ամեն ինչ լավ է լինելու»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Զոհրաբյանը։

Արմեն Աշոտյանը նույնպես գրառում է արել։

«Բռնեցին ստոր ձևով։ Չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ։ Էրեբունի բաժանմունքում եմ»,– գրել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն էլ հայտնում է, որ ոստիկանությունը, խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, անհամաչափ և բիրտ ուժի կիրառելով, Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածից ապօրինի ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների:

«Այս պահին ապօրինի ձերբակալված են կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը, կուսակցության բազմաթիվ անդամներ, որոնց մեջ են Դավիթ Բաղդադարյանը, Ազատ Զաքարյանը»,– գրել է նա:

Ընդդիմադիրները բողոքի ակցիաները վերսկսել են ժամը 08։00-ից։