Ադրբեջանը հայտարարել է, որ Նախիջևանի ու Ղարաբաղի միջև ավտոմոբիլային կամուրջներ է կառուցում

Բաքուն և Թեհրանը ծրագրում են մեկ տարվա ընթացքում ավտոմոբիլային կամուրջներ շահագործման հանձնել, որոնք Նախիջևանը Իրանի տարածքով կկապեն Ղարաբաղին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ տարվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել այն ավտոմոբիլային կամուրջները, որոնք Իրանի տարածքով իրար կկապեն Ադրբեջանի Հանրապետության Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը»,- ասել է Մուստաֆաևը Իրան կատարած այցի ընթացքում:

Նա հիշեցրել է, որ մարտի 11-ին երկու երկրների կառավարությունները համապատասխան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականի հուլիսին ստորագրել էր «Ադրբեջանի Հանրապետության տնտեսական շրջանների բաժանման մասին» նոր օրենքը, ըստ որի` Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսպես կոչված Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջաններ են ձևավորվել։

Ըստ այդ օրենքի՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մեջ են մտել Կովսականի (Զանգելան), Սանասարի (Կուբաթլու), Ջրականի (Ջաբրայիլ), Բերձորի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները։ Ղարաբաղի տնտեսական շրջանի մեջ են մտնում Ակնայի (Աղդամ), Շուշիի, Վարանդայի (Շուշիի), Թերթերի, Մարտունու, Իվանյանի (Խոջալուի), Աղջաբեդիի և Բարդայի շրջանները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։