ՌԴ ԱԳՆ․ Առաջիկայում հնարավոր կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները

Մենք հետևողականորեն կողմ ենք հանդես գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը և դրա հետագա սահմանագծմանը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միևնույն ժամանակ, ինչպես դա ամրագրված է Սոչիի գագաթաժողովին հաջորդած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկու երկրների սահմանին կայունության մակարդակի բարձրացման համար։ Այս հարցը քննարկվել է Դուշանբեում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը: Գործընկերները տեղեկացրել են, որ մոտ են ազգային պատվիրակությունների ձևավորման գործընթացի ավարտին։ Ռուսաստանն իր փորձագիտական ​​թիմն արդեն ձևավորել է։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գործնական աշխատանքներ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Կցանկանայի նաև ընդգծել, որ Ռուսաստանը եզակի փորձագիտական ​​ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Ուրախ կլինենք կիսել մեր փորձը հայ և ադրբեջանցի ընկերների հետ հանձնաժողովի գործունեության շրջանակներում»,- ասել է նա, տեղեկացնում է News.am։