«Փաստ»․ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
«Փաստ» օրաթերթը` դիվանագիտական աղբյուրներին հղումով հայտնում է, որ Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչները նախօրեին փակ հանդիպում են անցկացրել` քննարկելու Հայաստանում ընդդիմության հավաքների ժամանակ կիրառված անհամաչափ ուժի դեպքերն ու զանգվածային ձերբակալությունները:
«Բանն այն է, որ խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներից բերման ենթարկվածների օրական թիվն արդեն գերազանցում է 400-ը, իսկ վերջին երկու շաբաթում ռեկորդային թվով վարչական ձերբակալություններ են արձանագրվել, ինչը խիստ մտահոգում է դեսպաններին»,- գրում է թերթը:
Եվրոպական երկրների դեսպանների քննարկման առանցքում, ըստ լրատվամիջոցի, եղել է նաև կալանավորված քաղբանտարկյալների հարցը։ Քննարկմանը հատուկ շեշտվել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի գործը, որով առաջադված մեղադրանքը` իրավաբանական հանրույթը դատավարական սխալ է համարում:
Թերթը նաև հայտնում է, որ «դեսպանները մտադիր են առանձնահատուկ մոնիթորինգի ենթարկել գործընթացը, քանի որ փաշինյանական ռեժիմը հատել է բռնաճնշումների բոլոր սահմանները»:
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով, երեկ Երևանում բերման է ենթարկվել 463 անձ, ընդդիմության հայտնած տվյալներով` ավելի քան 600։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։