Գարիկ Գալեյանը դեռ կմնա հիվանդանոցում

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կայունացել է։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա կինը` Աստղիկ Գալեյանը։

«Քիչ առաջ խոսեցի, վիճակը ստաբիլացել է, այսօր էլ կմնա հիվանդանոցում։ Բժիշկներն ինչպես ասեն, այնպես էլ կանենք, մենք չենք շտապում դուրս գրելու հարցում»,- ասաց նա։

Գալեյանի պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմնին փաստաթղթեր է ներկայացրել, որոնց համաձայն` Գարիկ Գալեյանի մոտ շուրջ 6 շաբաթ առաջ ախտորոշվել է «սրտի իշեմիկ հիվանդություն, անկայուն ստենոկարդիա, սրտամկանի ինֆարկտ, իշեմիկ կարդիոմիոպատիա», և կատարվել է ստենտավորում։ Մայիսի 18-ին ախտորոշվել է «Ս.Ի.Հ. հիպերտոնիկ կրիզ», վերջինս ժամը 13:00-ի սահմաններում ընդունվել է ստացիոնար բուժման «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը մայիսի 18-ին ձերբակալվել էր, նրան զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանք է ներկայացվել։ Նույն օրը Գալեյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։