Փաշինյանը Իտալիայի բարեկամական խմբի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության հարցերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին՝ Պատգամավորների պալատի անդամներ Ջուլիո Չենտեմերոյին, Անդրեա Կասուին և Ալվիսե Մանիերոյին, Սենատի անդամ Ալբերտո Աիրոլային: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին: Մտքեր են փոխանակվել հետպատերազմական իրավիճակի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վարչապետը կարևորել է Իտալիայի խորհրդարանի կողմից 2022թ. մարտ ամսին հայ ռազմագերիների վերադարձի անհրաժեշտությունն ամրագրող բանաձևի ընդունումը և 2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների կողմից արված հայտարարությունները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած սկզբունքների հիման վրա, և Հայաստանը տարածաշրջանային խաղաղության օրակարգի կողմնակից է, ինչը, սակայն, չի կարող միակողմանի լինել: Հայաստանի վարչապետը կարևորել է եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Իտալիայի օժանդակությունն այս գործընթացին և սադրանքների դատապարտումը նրանց կողմից: Վարչապետը նաև անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացին:

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դժվարին մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության հզորացման գործում:

Նրանք նշել են, որ հաստատակամորեն կշարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Իտալիա-Հայաստան, այլ նաև Եվրամիություն-Հայաստան կապերի սերտացման ուղղությամբ և կլինեն բարեկամ հայ ժողովրդի կողքին, տեղեկացնում է Sputnik Արմենիա: