Լիտվայի նախագահը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը Հայաստան է եկել երկօրյա պաշտոնական այցով։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Լիտվայի ղեկավարին դիմավորել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ նախագահի նստավայրում մայիսի 20-ին նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի և Լիտվայի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լիտվայի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գիտանաս Նաուսեդային կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, տեղեկացնում է Sputnik Արմենիա: