«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի
«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի անցկացնի եղանակի պատճառով։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարեց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Վարչապետի աթոռը զբաղեցրած անձը վաղը մեկնելու է Բրյուսել` Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու։ Հետևաբար, շատ կարևոր է վաղվա հանրահավաքին ձեր մասնակցությունը` 18.00–ին Ֆրանսիայի հրապարակում»,–ասաց Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նրա խոսքով` բոլորը պետք է իմանան, որ Փաշինյանն այլևս ժողովրդի կողմից մանդատ չունի և չի կարող որոշումներ կայացնել, առավել ևս` ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ ստորագրել։
Հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նշվում էր, որ նա առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։