ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ. ԱԼԻԵՎԻ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ» ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Ինչպես փաստում են փորձագետները, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցությունների արդյունքներով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշել հայտարարություններում մենք տեսնում ենք շատ մշուշոտ ու ընդհանրացված ձևակերպում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության» մասին։ Իհարկե, Արցախին նման ձևակերպումը գոհացնել չի կարող, բայց նկատենք, որ Միշելի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ նախորդ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղն ու նրա բնակչությունը չեն հիշատակվել ոչ մի համատեքստում։ Ո՛չ ընդհանրացված, ո՛չ էլ կոնկրետ...
Ելնելով դրանից՝ կարելի է ենթադրել, որ Փաշինյանը Երևան վերադառնալուց հետո կներկայացնի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Միշելի հայտարարությունը որպես դիվանագիտական հաղթանակ կամ առնվազն առաջընթաց քայլ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստման համատեքստում Փաշինյանի թիմը շեշտադրելու է Միշելի հետևյալ հայտարարությունը. «Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերն առաջ կմղեն այդ գործընթացը։ Ի հավելումն դրա` ես երկու ղեկավարների համար ընդգծել եմ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի լուծման անհրաժեշտությունը»։
Այսինքն Եվրամիության դիրքորոշումը հանգեցվում է նրանում, որ Բաքվի առաջարկած խաղաղ պայմանագրի հինգ սկզբունքների հետ մեկտեղ պետք է քննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես դա առաջարկում է հայկական կողմը... Այսինքն ԵՄ-ի դիրքորոշումն ամփոփված է նրանում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի հարցն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ինչպես էլ այն անվանես, մեկ փաթեթ են։ Հիշեցնենք, որ հենց նման մոտեցման մասին են բազմիցս պնդել նաև հայկական ընդդիմության առաջնորդները, բայց Փաշինյանը դա կներկայացնի իբրև իր հաղթանակ։ Ասել է թե՝ տեսեք, ես ասում էի, որ պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայկական առաջարկների նշաձողը, դնել իրավունքների և անվտանգության հարցը, և ահա ԵՄ-ն համամիտ է մեր դիրքորոշմանը՝ ի հեճուկս Բաքվի այն դիրքորոշման, թե Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի։
Սակայն հեշտ է նկատել, որ իր հայտարարության մեջ Շառլ Միշելն օգտագործել է մի ձևակերպում, որը ոչ մի կերպ չի հակասում Ալիևի այն դիրքորոշմանը, թե չկա Լեռնային Ղարաբաղ, այլ կա «Ղարաբաղյան տնտեսական տարածաշրջան» Ադրբեջանի կազմում։ Համաձայն Ադրբեջանի նախագահի հրամանագրերից մեկի։ Ստացվում է, դատելով Միշելի ձևակերպումներից, որ նա ընդունում է ադրբեջանական դիրքորոշումը և որ չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր, այլ կա տարածաշրջան, որը բնակեցված է առավելապես ադրբեջանցիներով, բայց որտեղ հայտնաբերվել է «էթնիկ հայ բնակչություն»։ Այսպիսով, Բաքու վերադառնալուց հետո Ալիևը կներկայացնի Բրյուսելում հանդիպման արդյունքները որպես իր դիվանագիտական հաղթանակ: Եվ դրա համար նա ավելի շատ հիմքեր կունենա, քան Փաշինյանը…
Ինչ վերաբերում է «էթնիկ հայ բնակչության» իրավունքների և անվտանգության հարցերում Բաքվի հնարավոր մոտեցումներին, ապա դա հեշտ է պատկերացնել։ Ալիևն ասելու է, որ եթե Արցախի հայերն ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն, վերցնեն ադրբեջանական անձնագրեր, ապա կարող են հետագայում էլ խոսել հայերեն, սովորել իրենց ժողովրդի պատմությունը։ Ինչպես նաև ընտրել տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես Ադրբեջանի այլ քաղաքներն ու գյուղերը: Բաքուն, կասի Ալիևը, միանգամայն կարող է ընդ որում երաշխավորել հայերի անվտանգությունը։ Ալիևը կարող է նույնիսկ մեծահոգաբար համաձայնել, որ նման մոտեցման դեպքում ռուսական խաղաղապահ զորախումբը (կամ միջազգային որևէ այլ զորախումբ) Արցախում մնա ևս հինգ տարի, մինչև որ «էթնիկ հայ բնակչությունը» հարմարվի նոր իրողություններին... Այդպիսի դիրքորոշում, հավանաբար, կցուցաբերի Ալիևը, սակայն մենք գիտենք, որ եթե նրա մոտեցումը իրականացվի, ապա դա կհանգեցնի Արցախի հայ բնակչության արտագաղթի։ Կա՛մ միանգամից, կա՛մ փուլային, ինչպես դա եղավ, ասենք, Նախիջևանում։
Կարո՞ղ է արդյոք հայկական կողմը (ոչ Փաշինյանը) հասնել ավելի ընդունելի ձևակերպումների և, հետևաբար, հանգուցալուծումների։ Կարող է։ Իսկ իմանալու համար, թե ինչպես, պետք է հասկանալ, թե ինչ է փոխվել Ալիևի և Փաշինյանի հետ Միշելի ապրիլյան հանդիպումից հետո, ինչի արդյունքում եվրոպացի դիվանագետն այնուամենայնիվ խոսեց արցախցիների իրավունքների մասին։
Փոխվել է այն, որ Հայաստանում սկսվել է Դիմադրության շարժումը, որը հայտարարել է. արցախցիների իրավունքների անվերապահ ոտնահարման գնով Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման քաղաքականությունը դատապարտված է ձախողման։ Այդ քաղաքականությունը, որքան էլ որ դրան համամիտ լինի Փաշինյանի կապիտուլյանտային կառավարությունը, հեռանկար չունի, նման քաղաքականությունը կհանգեցնի հերթական ապակայունացման, ինչն անընդունելի է տարածաշրջանային գլխավոր խաղացողների համար։ Հայության ձայնը, թեև ոչ բավարար չափով, այնուամենայնիվ լսվել է։ Կկարողանա՞ արդյոք այդ ձայնը դառնալ ավելի համոզիչ ու ծանրակշիռ։ Այո, եթե Դիմադրություն շարժումը նոր թափ հավաքի։