ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ՉԿԱ. ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՆ

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»

Մոնթե

Երբ մեկ տարի առաջ որոշ փորձագետներ նախազգուշացնում էին, որ առջևում մեզ ավելի վատ բան է սպասվում, քան նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ին, նրանք նկատի ունեին 2022-ի մայիսի 22-ի բրյուսելյան հանդիպման արդյունքների պես մի բան: Երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո հայտարարում էր, որ առջևում մեզ «ցավոտ լուծումներ» են սպասում, նա գիտեր, թե ինչ աստիճանի ցավոտ են դրանք լինելու։ Եվ երբ իշխանությունները, ի դեմս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար կոչեցյալի, հանգստացնում էին հասարակությանը, թե իբր՝ Բելգիայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, նրանք շատ լավ գիտեին, որ հանդիպման արդյունքները, թեկուզև չամրագրված (?) թղթի վրա ստորագրությամբ, իրոք շատ ավելի վատթար են լինելու, քան նոյեմբերի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարությունը։

«Մեր երկիրը դարձրել են աշխարհաքաղաքական շահերի զոհը»,- այսպես է բնութագրել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված հիրավի աննախադեպ իրավիճակը Արման Թաթոյանը։ Իսկապես, լիակատար տպավորություն է ստեղծվում, որ տարածաշրջանի բոլոր արտաքին խաղացողները բավարարում են իրենց աշխարհաքաղաքական ախորժակն ու տնտեսական շահ ստանում մեր Հայրենիքն աճուրդի հանելու գնով, և նրանց միջև առևտուրն ընթանում է բացառապես այն բանի շուրջ, թե ով ավելի շատ կստանա։ Իսկ բուն Հայաստանն ընդ որում լիովին համապատասխանում է խղճուկ, ողորմելի, բանականության ու արժանապատվության նշույլից անգամ զուրկ, դիմադրել չփորձող և ի սկզբանե ամեն ինչի համաձայն այն պակասավոր արարածի կերպարին, որով կրկին միտումնավոր ներկայացավ աշխարհին վարչապետ կոչեցյալը։

Փորձագետներն արդեն վերլուծել և հանգամանորեն ներկայացրել են չարաբաստիկ հանդիպման արդյունքները, որոնք, ըստ էության, նշանակում են նույնիսկ ոչ թե հայկական պետականության վախճան, այլ Հայաստանի վախճան՝ որպես այդպիսին, տվյալ տարածքում հայ ազգի գոյության ավարտ։ Ընդ որում գործնականում բոլոր մասնագետներն ընդգծում են, որ խոսքն ամենևին էլ միայն Արցախի վերջնական հանձնման մասին չէ, այլև բուն Հայաստանի մասնատման, ավելի ճիշտ՝ հոշոտման, սուբյեկտայնությունը կորցրած տարածքի նկատմամբ թուրքական տանդեմի լիակատար վերահսկողության հեռանկարով։

Եթե ամփոփենք Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած «բանակցությունների» (հենց այսպես՝ չակերտավոր, քանզի Հայաստանն իբր ներկայացնող անլեզու արարածն ի բնե ընդունակ չէ բանակցելու) փորձագիտական գնահատականները, ապա ուրվագծվում է հետևյալ պատկերը։

- Հայաստանը համաձայն է Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում, և ուզում է ստանալ ընդամենը «Ղարաբաղի շրջանում իրավունքների և անվտանգության ապահովման երաշխիքներ»։ Այստեղ անչափ կարևոր է տերմինաբանությունը. չկա Լեռնային Ղարաբաղ, կա ուղղակի «Ղարաբաղի շրջան»՝ որպես Ադրբեջանի վարչատարածքային միավոր, չկա ժողովուրդ, կա միայն «էթնիկ հայ բնակչություն»։

«Լավագույն դեպքում դա ենթադրելու է հայերի՝ ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել, իսկ իրականում՝ Արցախի լիարժեք հայաթափում։ Ոչ մի խոսք նաև ազգերի ինքնորոշման իրավունքի մասին»,- գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

- Խաղաղության պայմանագրի առանցքային կետը, որի ստորագրումն ամեն կերպ արագացվում է արտաքին խաղացողների կողմից, լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ Արցախը։ Տվյալ համատեքստում ենթադրվում է, որ արցախահայության իրավունքների և անվտանգության ապահովման երաշխավորը լինելու է Ադրբեջանը՝ ահաբեկչական ցեղասպան պետությունը, որը չի էլ թաքցնում հայկական երկրամասն ամեն կերպ հայերից իսպառ մաքրելու իր ծրագրերը։

- Հայտարարության մեջ նշված «Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միջև տարանցման սկզբունքները» փաստացի նշանակում են, որ Հայաստանը Ադրբեջանին է հանձնելու «անկլավները» Տավուշի և Արարատի մարզերում, որոնց միջով անցնում են Արարատի մարզը Վայոց Ձորի և Սյունիքի հետ կապող ու Տավուշի հյուսիսն ու հարավը միացնող հիմնական ճանապարհները, ինչպես նաև մեր մայրուղիները դեպի Իրան և Վրաստան: «Այսինքն տարածքը հանձնվելու է Ադրբեջանին, որից հետո մենք հատուկ թույլտվությամբ ու վերահսկողության ներքո անցնելու ենք մարզից մարզ։ Տեղին է հիշել նույն ճակատագրին արժանացած Գորիս-Կապան ճանապարհը»,- նշում է Գեղամյանը։

Ուշադրություն դարձրեք. Եվրամիությունն առաջարկում է արագացված ռեժիմով սկսել հայ-ադրբեջանական սահմանի գծանշման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի արդեն ավելի քան մեկ տարի ձգվող բռնազավթման պայմաններում։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերման մասին մի բառ անգամ չկա, և որտեղի՞ց լինի, եթե այդ մասին լռում է Հայաստանն իբր ներկայացնող ողորմելի ու տհաս արարածը։ Կարելի է արձանագրել, որ Արցախի նկատմամբ չի գործում ինքնորոշման իրավունքի սկզբունքը, Իսկ Հայաստանի նկատմամբ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Հայկական երկու պետությունների նկատմամբ չի գործում նաև երրորդ սկզբունքը՝ ժամանակին Մինսկի խմբի կողմից կարգավորման հիմքում դրված Հելսինկյան եզրափակիչ ակտի կետերից. ուժի չկիրառումը։

Հայկական երկու պետությունների և հայ ժողովրդի նկատմամբ չի գործում միջազգային իրավունքի գրեթե ոչ մի սկզբունք և ոչ մի նորմ։ Այն ամենը, ինչի շուրջ «կողմերը» համաձայնության են եկել Բրյուսելում, բխում է միայն ու միայն Թուրքիայի շահերից, որի թիկունքում կանգնած է հավաքական Արևմուտքը, իսկ մի շարք առումներով՝ Ռուսաստանը։ «Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են Նիկոլ Փաշինյանից ստանալ բոլոր զիջումները, քանի դեռ Հայաստանի ներքաղաքական կյանքը չի հանգեցրել փոփոխությունների։ Պատահական չէ, որ հստակեցվել են Բրյուսելի հովանու ներքո սպասվող հանդիպումների ու քայլերի ժամանակացույցերը։ Ամեն ինչ պլանավորվել է արագացված տեմպերով»,- նշում է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

Ոչ մի այլ բան չէր էլ կարող լինել այն պայմաններում, երբ երկրի նկատմամբ ամրագրված է միայն մեկ «իրավունք». մի ամբողջ ազգի ճակատագիրը վճռելու դավաճանի իրավունքը։ Դավաճան, որն իշխանության է բերվել հենց այս օրվա համար, և հենց նրա համար, որ Հայաստանը հայտնվի զոհաբերվող գառան դերում, և ընդ որում նույնիսկ ոչ թե չհամարձակվի, այլև մտքով անգամ չանցկացնի մի բառ ասել ի պաշտպանություն իրեն։ Ներկա իրողությունների տեսանկյունից պարզ է դառնում նաև 2021-ի արտահերթ ընտրությունների հատուկ նպատակը, և դա, ի դեպ, օրերս ընդգծեց ԱՄՆ դեսպանը. լեգիտիմացնել Փաշինյանին ու նրա խունտային պատերազմում կրած պարտությունից հետո, որպեսզի ապահովվի հայոց պետականության վերջնական փլուզումը և հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը։

Հենց սա է Թուրքիայի գլոբալ խնդիրը, որն այսօր իրագործվում է ի թիվս ամենքի նաև համաշխարհային «քաղաքակիրթ» հանրության ձեռքերով. ընդմիշտ փակել «Հայկական հարցը», վերջ տալ Հայ Դատին և ավարտել այն, ինչը սկսվել է 19-րդ դարավերջին - 20-րդ դարակզբին։ Քաղաքական գիշատիչները կրկին խմբվել են Հայաստանի շուրջ՝ ձգտելով իրենց համար հնարավորինս յուղոտ կտոր պոկել նրանից։

Խաղաքարտերը բացված են վերջնականապես, ամեն ինչ ասված է և պարզաբանված, չկա ոչ մի թերասվածք: Եվ ընտրությունն էլ պարզ է անողորմության աստիճան. կա՛մ պայքար, կա՛մ մահ, որը կլինի եթե ոչ ֆիզիկական, ապա բարոյական։ Կա՛մ Հայրենիքի և արժանապատվության պահպանում, կա՛մ իրավազուրկ գաղթականի ճակատագիր ու հավերժ կարոտախտ արդեն ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի ու Արցախի նկատմամբ: Սա է իրական պատկերը, և մեր պատասխանը պետք է լինի առավել քան հստակ ու շոշափելի։

Դավաճանների խմբի և նրանց տերերի ջանքերով մեզ ոչինչ չի մնացել. ո՛չ ժամանակ, ո՛չ զորաշարժի տարածք, ո՛չ հուսալի դաշնակիցներ։ Մեզ պարզապես դեմ են տվել պատին ու փորձում են խեղդել կամ դուրս նետել սեփական երկրից։ Եվ հետևաբար՝ միայն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր առողջ ուժերի միասնությունն ու միայն կենաց ու մահու պայքարը կարող են կանխել վերջնական աղետը։ Հայաստանը բռնազավթած թշնամական ուժերին անհապաղ, օր առաջ հեռացնելը դառնում է գոյաբանական անհրաժեշտություն, և միայն դա թույլ կտա վերցնել մեր Հայրենիքը զոհասեղանից, թարմ շունչ հաղորդել նրան և պահպանել առայժմ գոնե այն, ինչ դեռևս վաճառված չէ, հանձնված չէ, ոչնչացված չէ։

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Հազարապատիկ իրավացի էր Մոնթեն 30 տարի առաջ, և այսօր մենք պետք է վճռենք. շրջում ենք արդյոք վերջին էջը, թե՞ բացում նորը։