Դիմադրություն շարժման անդամները շրջափակեցին նախագահի նստավայրը

«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը։

Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում` Ազգային ժողովի հարևանությամբ, ինչպես նաև նստավայրի մոտ բազմաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։

Ընդդիմության մի հատվածն էլ Սիլվա Կապուտիկյանի փողոցով գնաց փակելու նախագահականի մյուս մուտքը։

«Երկրում 1 ամիս է պրոցեսներ են ընթանում, համաժողովրդական պայքար է, իսկ ստեղ նստած անձն իրականությունից կտրված է։ Նա հանրապետության նախագահը չէ, ընդամենը ՔՊ–ի ներկայացուցիչն այս շենքում։ Արգելափակում ենք նախագահականի գործունեությունը»,– նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։

Շարժման մեկ այլ անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ չեն պատրաստվում շենք մտնել, անգամ, եթե դուռը բաց լինի, քանի որ իրենց նպատակն այլ է։ Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հավելեց, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։

Հավաքվածները վանկարկում են «տեր ենք մեր Հայրենիքին», «Հայաստանին ասում ենք` այո՛, Արցախին` այո՛, Նիկոլին` ո՛չ», «առանց Նիկոլ, Հայաստան»։

Նշենք, որ ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը այս պահին երկրում չէ, նա Դավոսում մասնակցում է տնտեսական համաժողովին։

Երեկ կայացած հանրահավաքում «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը խնդրեց, որ առավոտյան շուտ շատերը գան ու միանան բողոքի ակցիային, որպեսզի պարալիզացնեն ամբողջ քաղաքը, շրջափակեն այն շենքը, որ ուզում են։

Sputnik Արմենիա